
Իրանը դատապարտել է Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարձակումները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Եմենի տարբեր քաղաքների և շրջանների վրա ԱՄՆ-ի ու Բրիտանիայի օդային և հրթիռային հարձակումները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Քանաանին այս հարձակումներն անվանել է Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կրկնվող խախտում ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտում Միացյալ Նահանգների և Բրիտանիայի կողմից։
«Նման կամայական գործողությունների շարունակությունը բացահայտ արկածախնդրություն է և մտահոգիչ սպառնալիք միջազգային խաղաղության ու անվտանգության համար։ ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական գործողությունները տարածաշրջանի երկրների դեմ այս երկու երկրի սխալ քաղաքականության և մոտեցման շարունակությունն են տարածաշրջանում իրենց ոչ օրինական նպատակներն առաջ մղելու համար»,- ասել է նա։
Նասեր Քանաանին ընդգծել է, որ այս հարձակումներն ակնհայտ հակասության մեջ են Վաշինգտոնի և Լոնդոնի կրկնվող պնդումների հետ, թե իբր նրանք չեն ցանկանում պատերազմ և հակամարտություն սկսել տարածաշրջանում: Նրա պնդմամբ՝ միջազգային հանրությունը պետք է ԱՄՆ-ին և Բրիտանիային պատասխանատվության ենթարկի։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ-ն և Բրիտանիան հարձակվել են Եմենի վրա՝ Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի և Բահրեյնի աջակցությամբ։
#Դետքի_հետագծով
Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ն և իր գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները թիրախավորում են Եմենի հութիներին, որոնք վայելում են Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը։ Սա նպատակ ունի Իրանին ներքաշելու տարածաշրջանային պատերազմի մեջ, ինչն իրանական կողմն ամեն կերպ փորձում է կանխել։
Ավելացնել նոր մեկնաբանություն