
Վարդենիսը «դատարկելու» վերաբերյալ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. համայնքապետ
Ֆեյսբուքյան խմբերում որոշ օգտատերեր այսօր խուճապային լուրեր են տարածում, թե «Վարդենիս համայնքում փակվում են անձնագրային և կադաստրի բաժինները, իսկ մեկ ամիս հետո՝ հոսպիտալը և հոգեբուժարանը»: Լուրը տարածողները կարծիք են հայտնում, թե այդպիսով «դատարկում են Վարդենիսը»:
«Դետք»-ը կապ հաստատեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ՝ պարզելու տեղեկատվության իսկությունը:
Նա հերքեց տարածվող լուրը՝ հայտարարելով, որ այն իրականությանը բացարձակապես չի համապատասխանում, Վարդենիսում էլ խուճապային տրամադրություններ չկան. «Նման բան գոյություն չունի, որևէ պաշտոնական որոշում չի եղել դրա վերաբերյալ: Ընդամենը ժողովրդի մեջ եղել են խոսակցություններ, թե, իբրև, անձնագրայինը տեղափոխվում է Մարտունի, սակայն պաշտոնապես նման որոշում չկա: Այդ ֆեյսբուքյան գրառումները մենք էլ ենք կարդացել, սակայն, կրկնում եմ, նման բան չկա, և նախկինում էլ չի քննարկվել այդպիսի հարց»,- ասաց նա:
Խաչատրյանը հավելեց, որ իրենք ամուր կանգնած են իրենց տեղում և շարունակում են աշխատանքային բնականոն ընթացքը:
Ավելացնել նոր մեկնաբանություն