
Տեղական ռազմարդյունաբերությունը Թուրքիայի օրակարգում է. «Ermenihaber»
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տեղական ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցերին: Նա նշել է, որ տեղական ռազմարդյունաբերությունը Թուրքիայի համար կարևոր տեղ է զբաղեցնում և տարբեր երկրների հետ տարբեր մակարդակներում ունեցած հանդիպումների ընթացքում գլխավոր երեք թեմաներից մեկն է:
Այս մասին հայտնում է «Ermenihaber» լրատվական գործակալությունը:
Գյորգյունը հավելել է, որ այդ ոլորտում գրանցվել են հաջողություններ, և այժմ տարբեր երկրներ Թուրքիայից տարբեր տեսակի ռազմատեխնիկա են ցանկանում գնել: Ըստ նրա՝ Թուրքիան այժմ 185 երկիր ռազմատեխնիկական մատակարարումներ է անում:
«Մենք դիտարկում ենք հակաօդային, ցամաքային և ռազմածովային տեխնիկայի տրամադրումը մեր գործընկեր երկրներին, ինչպես նաև նրանց սպառազինությունում առկա համակարգերի արդիականացումը»,- ասել է Գյորգյունը։
Ըստ վերջինիս` 2024 և 2025 թվականները ռազմարդյունաբերության տեսանկյունից ավելի հաջող են լինելու: Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից գործող միջազգային համագործակցության զարգացման վարչությունում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ կապ ունեցող վարչություն է ստեղծվելու:
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավարը տեղեկացրել է, որ երկրում գործող ընկերություններին, որոնք զբաղվում են ռազմատեխնիկայի արտադրությամբ, առաջարկել է դիտարկել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շուկաները:
Ավելացնել նոր մեկնաբանություն