detq

ԻՀՊԿ ցամաքային ուժերը համալրվել են հարձակողական ԱԹՍ-ներով

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զինանոցը համալրվել է տեղական արտադրության երկու անօդաչու թռչող սարքով, որոնք օգտագործվում են հարձակման և մարտական գործողությունների նպատակով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ խոսքը, մասնավորապես, կամիկաձե «Շահեդ-131» և «Աբաբիլ-5» մարտական անօդաչու թռչող սարքերի մասին է։ «Շահեդ-131»-ի երկարությունը 2.6 մետր է, քաշը՝ 135 կգ, այն կարող է պայթեցնել թիրախները 900 կմ շառավղով։

Իրանական անօդաչու թռչող սարքն առաջատար դեր է խաղացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրականացրած զորավարժություններում, որոնց ընթացքում Դիմոնում գտնվող իսրայելական միջուկային ռեակտորի վրա ճշգրիտ հարձակում գործելու վարժանքներ են արվել։

«Շահեդ-131»-ն օգտագործվել է նաև Իրաքի հյուսիսում՝ Քրդստանի տարածքում իրականացված գործողություններում: Մեկ այլ անօդաչու թռչող սարք՝ «Աբաբիլ-5»-ը, արտադրվել է Իրանի պաշտպանության նախարարության կողմից։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս, որ երկրի զինված ուժերը համալրվեն գերժամանակակից սպառազինությամբ։ Իրանական զինված ուժերի շարքում առանցքային դեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը նույնպես մշտապես զինվում է գերժամանակակից սպառազինությամբ։

Ավելացնել նոր մեկնաբանություն