
Այս պահին կողմերի միջև սկզբունքային հարցերում համաձայնություն չկա. ԱԳ փոխնախարար
«Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեռևս չկա համաձայնություն նշված հարցերի վերաբերյալ»,- այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական առաջարկությունների հերթական տարբերակը:
«Հույս ունենք, որ ԱԳ նախարարների միջև հանդիպում տեղի կունենա, որտեղ բոլոր հարցերը կքննարկվեն: Այս պահին կողմերի միջև սկզբունքային հարցերում համաձայնություն գրանցված չէ: Այս պահին ընթանում են քննարկումներ նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հաջորդ հանդիպման վերաբերյալ»,- ասել է նա:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում խաղաղության գործընթացի առաջընթացին, Կոստանյանը պատասխանել է. «Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է Ադրբեջանին խանգարում, կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է և շարունակում է պատրաստակամ մնալ, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Փաստը, որ հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում, կարելի է դրական համարել, բայց մեզ անհրաժեշտ է հանդիպումներից և քննարկումներից, ի վերջո, անցնել ավելի պրակտիկ գործողությունների, և այն պայմանավորվածությունները, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ձեռք են բերվել, մասնավորապես, երեք սկզբունքների շուրջ, ի վերջո, փաստաթղթային արձանագրում տալ դրան»:
Կոստանյանը նշել է, որ մի քանի անգամ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուժի կիրառման բացառման մասին, բայց ցավալիորեն դրանք խախտվել են Ադրբեջանի կողմից:
Ավելացնել նոր մեկնաբանություն