
Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը
Փետրվարի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող` Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զ. Հասանովը, նշելով, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը ռազմական համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից։
Նա խոսել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանի օպերատիվ պայմանների, ինչպես նաև ադրբեջանական բանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ կատարվող «բարեփոխումների» մասին։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն, քննարկվել են տարածաշրջանային ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այնուհետ Շ. Ալփայի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ Քերիմ Վելիևի և պաշտպանության նախարարի խորհրդական Բախտիյար Էրսայի հետ։ Հանդիպումներին ներկայացվել են Թուրքիայում արտադրված տարբեր տեսակի ինքնաթիռների մոդելներ:
Ավելացնել նոր մեկնաբանություն