դետք

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը իրանահայությանը հորդորել է մասնակցել ընտրություններին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը թեմի բնակչությանն ու իրանահայությանը հորդորել է մասնակցել մարտի մեկին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

«Այսու քրիստոնեական ջերմ սիրով և գոհունակությամբ ողջունում և կոչ ենք ուղղում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զավակներին, որ մասնակցեն առաջիկա ուրբաթ՝ 2024 թվականի մարտի 1-ին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 12-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական խորհրդարանի և Բանիմացների խորհրդի ընտրություններին, ի կատարումն և լրացումն մեր պարտականությունների՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության լիիրավ քաղաքացիներ»,- ասել է արքեպիսկոպոս Սարգսյանը:

Վերջինս նշել է՝ յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքի նկատմամբ իր պարտականություններն ու պարտավորություններն ունի, հայրենիքն էլ իր քաղաքացիների հանդեպ ի՛ր պարտականություններն ու պարտավորություններն ունի:

«Մենք՝ որպես հայ եկեղեցու զավակներ, կոչված ենք խուռներամ մասնակցելու 12-րդ նստաշրջանի Իսլամական խորհրդարանի և Բանիմացների խորհրդի ընտրություններին՝ ի վկայություն մեր գաղութի ուժին, զորության, ինչպես նաև ի հաստատումն մեր ամբողջական ու անվերապահ մասնակցության իրանյան մեր հայրենիքի քաղաքական, մշակութային, ընկերային, տնտեսական կյանքի առավել զարգացման, բարգավաճման ընթացքին:

Ուրբաթ օրը բոլորիս համար լինելու է մի նոր փորձաքար. ուստի եկեք արժևորենք մեր քաղաքացիական իրավունքը խուռներամ մասնակցությամբ խորհրդարանական ընտրություններին:

Իմ սրտագին կոչն է մեր ժողովրդի զավակներին, մանավանդ երիտասարդներին, որ մասնակցեն ընտրություններին իբրև հավատարիմ և հանձնառու քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետության»,- եզրափակել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդը:

#Դետքի_հետագծով

Մարտի 1-ին Իրանում խորհրդարանական ընտրություններ կկայանան, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն այդ երկրի քաղաքական կյանքում։ Իրանահայությունը` որպես երկրի Սահմանադրությամբ ամրագրված ազգային փոքրամասնություն, նախատեսում է ակտիվ մասնակցություն ունենալ այդ ընտրություններին և գալիք խորհրդարանում նույնպես իր պատգամավորներն ունենալ։

Ավելացնել նոր մեկնաբանություն