
Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է. Ռուբինյանը՝ Հաջիևին
Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, հերքվում են այն սկզբունքներով, որոնց շուրջ երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են առնվազն նախնական մակարդակով։ «News.am»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի նիստին ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը սպասում է Հայաստանի Սահմանադրության բովանդակության պարզաբանմանը։
«Հայաստանի Սահմանադրությունը և իրավական դաշտը մեր ներքին գործն են։ Սա որևէ կերպ կապ չունի խաղաղության հասնելու գործընթացների հետ։ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, դա բազմիցս ասվել է նույնիսկ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարություններում։ Խաղաղության համաձայնագրի նախագծում, որի շուրջ բանակցում են, կա երկու կետ, որոնք համաձայնեցվել են երկկողմ մակարդակով՝ առնվազն նախնական։ Նախ՝ սևով սպիտակի վրա գրված է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն և հետագայում էլ չեն ունենա միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդ` երկրները չեն ապավինի իրենց ներքին օրենսդրությանը այս համաձայնագրին չկատարելու համար։ Լավագույն միջոցը միմյանց համոզելու, որ տարածքային հարցերում միմյանցից ոչինչ չենք պահանջում և չենք պահանջելու, խաղաղության պայմանագիր կնքելն է»,- ասաց Ռուբինյանը։
Ըստ Ռուբինյանի՝ Հաջիևն ասում է, որ դա համադարման չէ. «Որքան գիտեմ, պարոն Հաջիևը սիրում է կրկնել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելը հրթիռային գիտություն չէ։ Այստեղ ես պետք է համաձայնվեմ նրա հետ։ Եթե մենք, գոնե ղեկավարության մակարդակով, դա հաստատել ենք, ապա մնում է միայն տեխնիկական աշխատանք։ Ցավոք, մենք չենք տեսնում ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս համաձայնեցված սկզբունքներն արտացոլելու թղթի վրա, բայց հուսով ենք, որ ինչ-որ բան կփոխվի»,- նշեց նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն