Թուրքիայի երկրաշարժը. Հալեպը Սիրիայի ամենատուժած շրջաններից է
Սիրիական պատերազմից ավերված Հալեպ քաղաքն այն վայրերից է, որը կրել է մահացու երկրաշարժի ծանրությունը, որն ավերել է նաև հարավային Թուրքիայի շրջանները:
Ավելի քան 1600 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսում երկրաշարժից հետո:
Արտակարգ իրավիճակների փրկարարական ջոկատները հայտնել են, որ բազմաթիվ շենքեր վնասվել կամ ավերվել են, իսկ մարդիկ մնացել են փլատակների տակ:
Տարածաշրջանում բնակվում են քաղաքացիական պատերազմի պատճառով տեղահանված միլիոնավոր փախստականներ:
Հյուսիսային Սիրիայի վերահսկողությունը բաշխված է կառավարության, քրդերի գլխավորած ուժերի և այլ ապստամբ խմբերի միջև: Նրանք շարունակում են մնալ հակամարտության մեջ:
Նույնիսկ երկրաշարժից առաջ իրավիճակը տարածաշրջանի մեծ մասում օրհասական էր՝ սառնամանիք եղանակով, փլուզված ենթակառուցվածքներով և խոլերայի բռնկումով, որոնք վտանգում էին այնտեղ ապրողներից շատերի կյանքը:
Հալեպի մեծ մասն ավերվել է քաղաքացիական պատերազմի արդյունքում, որը բռնկվել է 2011 թվականին, երբ նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ խաղաղ ապստամբությունը վերածվել է բռնության:
Թեև ջանքեր են գործադրվել վերակառուցելու քաղաքը՝ Սիրիայի նախապատերազմյան առևտրային կենտրոնը, կան խարխուլ ենթակառուցվածքներ, բազմաթիվ են ավերված շենքերը, իսկ էլեկտրաէներգիայի անջատումները սովորական բնույթ ունեն:
Սիրիայի կառավարության և ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում գործող «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական խմբի առանձին տվյալների համաձայն՝ երկրաշարժից հետո տարածաշրջանում մինչ այժմ ավելի քան 1600 մարդ է զոհվել:
Հալեպի որոշ բնակիչներ «Reuters»-ին ասել են, որ գնալու տեղ չունեն, քանի որ իրենց տներն ավերվել են, իրենք էլ վախենում են հետագա երկրաշարժերից:
«Սպիտակ սաղավարտների» խոսնակը Սիրիայի հյուսիս-արևմուտքը նկարագրել է որպես «աղետի գոտի» և ասել, որ ընտանիքները մնացել են փլատակների տակ:
Ջանդայրիս քաղաքում մի տղամարդ AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկրաշարժի ժամանակ կորցրել է իր ընտանիքի 12 անդամներին:
Մեկն էլ ասել է, որ իր հարազատներից մի քանիսը մնացել են փլատակների տակ. «Մենք լսում ենք նրանց ձայնը, նրանք դեռ ողջ են, բայց նրանց դուրս հանելու ճանապարհ չկա: Նրանց փրկող չկա, տեխնիկա չկա»:
Կառավարության կողմից վերահսկվող տարածքներում հասանելի են դարձել երկրի բոլոր արտակարգ իրավիճակների ծառայությունները, ներառյալ բանակը և ուսանող կամավորները:
Միջազգային փրկարար կոմիտեն՝ բարեգործական կազմակերպությունը, որն ավելի քան 1000 աշխատակից ունի Սիրիայի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ասել է, որ արդեն զբաղվում է տարածաշրջանում վերջին տասնամյակում առաջին խոլերայի բռնկմամբ և պատրաստվում է մոտենալ ձնաբքերին, երբ տեղի է ունեցել երկրաշարժը:
Սառցակալման պայմանները և տեղատարափ անձրևը խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին:
Կազմակերպության Մերձավոր Արևելքի շահերի պաշտպանության տնօրեն Մարկ Քեյն իրավիճակը նկարագրել է որպես «ճգնաժամ՝ ճգնաժամի մեջ» և ասել, որ տարածաշրջանի հսկայական տարածքները կապից դուրս են, քանի որ վնասվել են կապի ցանցերը:
Այդ ամենը կարող է նաև որոշ ժամանակ պահանջել միջազգային օգնության հասնելու համար: Հյուսիսարևմտյան Սիրիան դարձել է ամենադժվար հասանելի վայրերից մեկը՝ թուրքական սահմանի վրա միայն մեկ փոքր անցումով, որը հասանելի է ռեսուրսներն ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներ տեղափոխելու համար:
Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ և մարտիկներ են զոհվել հակամարտությունում, իսկ արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը սրվել է վերջին տարիներին տնտեսական աննախադեպ անկմամբ:
Ամբողջ Սիրիայում գտնվող թաղամասերը և կենսական ենթակառուցվածքները, ներառյալ հիվանդանոցները, արդեն իսկ ավերված էին երկրաշարժից առաջ տեղի ունեցած մարտերի հետևանքով:
Կառավարությունը կոչ է արել միջազգային օգնություն ցուցաբերել՝ դիմելով մասնավորապես ՄԱԿ-ի անդամ երկրներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մարդասիրական այլ խմբերին:
Այդուհանդերձ, հաղորդվում է, որ այն մերժել է Իսրայելի օգնությունը խնդրելու մասին պնդումները: Երկու երկրները դեռ տեխնիկապես պատերազմի մեջ են և ներկայումս չունեն դիվանագիտական հարաբերություններ։
Տասնյակ այլ երկրներ օգնություն են խոստացել, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Կատարը:
BBC-ի միջազգային գլխավոր թղթակից Լայզ Դաուսեթն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կարող են ստիպել օգնություն ստանալ արևմտյան երկրներից և հարևաններից, որոնց նա հաճախ դատապարտել է իր թշնամիներին աջակցելու համար:
Ռուսաստանը, որն արդեն ռազմական ներկայություն ունի Սիրիայում՝ կառավարության կողմից քաղաքացիական պատերազմում ներգրավվելու պատճառով, նույնպես խոստացել է իր աջակցությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն