ԵՄ-ն կրկին կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
«Եվրամիությունը կրկին կխստացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որը շարունակում է ռազմական գործողություններն Ուկրաինայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հասնի իր նպատակներին ո՛չ մարտի դաշտում, ո՛չ էլ թելադրված խաղաղության համաձայնագրի միջոցով»,- ԵՄ արտակարգ գագաթնաժողովից առաջ Բունդեսթագին ուղղված հայտարարության մեջ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այս մասին գրում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը։
Շոլցը խոստացել է, որ ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Կանցլերը նշել է, որ Գերմանիան Կիևին ամենամեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերող երկրներից է․ «Զենքի և զինամթերքի մատակարարման հարցում մենք նույնպես շատ առաջ ենք բոլորից մայրցամաքային Եվրոպայում»։ Շոլցը համախմբվածությունն անվանել է արևմտյան պետությունների ամենաբարձր բարիքը և քննադատել է «հրապարակային առևտուրը՝ մարտական տանկեր, սուզանավեր, ինքնաթիռներ, ով ավելին կպահանջի» նշանաբանով:
Ըստ նրա՝ նման քննարկումներից ու տարաձայնություններից շահում են միայն ՌԴ նախագահն ու նրա քարոզչությունը։ Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ չնայած Ուկրաինային ցուցաբերվող օգնությանը՝ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության կողմերից մեկը։ Նա նաև խոստացել է շարունակել սերտորեն համակարգել գործընկերների հետ Կիևին զենքի մատակարարման հարցը։
Նշենք, որ ԵՄ արտակարգ գագաթնաժողովը տեղի է ունենալու փետրվարի 8-9-ը Բրյուսելում։ Գլխավոր թեմաներից է լինելու Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմը։
Ավելացնել նոր մեկնաբանություն