
Ինչո՞ւ է հայկական կողմը վերջերս Ադրբեջանին վերադարձրել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ Փաշինյանի մեկնաբանությունը
Շատ վաղուցվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ պայմանավորվածություն, որ այն զինվորները, որոնք մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հայկական կողմը վերջերս Ադրբեջանին վերադարձրել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, որի դիմաց ոչ մի հայ գերի չվերադարձվեց:
«Այս պայմանավորվածությունը մի X պահից՝ 2018 թվականից առաջ և հետո էլ խախտվել է: Պարզվել է, որ դրա ընկալման շուրջ կան տարբերություններ: Այն զինծառայողների կամ անձանց դեպքում, որոնք կամ դիտավորյալ են խախտել, կամ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, հասկանալիորեն կա բարդություն՝ այդ խնդիրը լուծելու համար: Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում փոխադարձաբար վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, պետք է վերադարձնենք»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վերադարձի վերջին դեպքով այդ պայմանավորվածությունը պրակտիկայում վերակենդանացնելու քայլ է արվել Հայաստանի կողմից: Նա նշել է, որ արվել է քննություն, որի արդյունքում է պարզվել, թե արդյոք անձը անցել է դիտավորյա՞լ, թե՞ շփոթմունքով, Հայաստանի տարածքում հայտնվելով կամ մինչև դա արդյո՞ք այլ արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով:
«Դա արվում է որպես ներդրում այդ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում կյանքի կոչելու համար: Մենք չգիտենք, թե հաջորդ զինվորը որ կողմից կլինի: Ես վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, որ եթե նման դեպք լինի, մենք հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինքը համոզվա՞ծ է արդյոք, որ ադրբեջանական կողմը նույնպես հավատարիմ կմնա պայմանավորվածությանը, Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ զինվորները չեն շփոթվի ու հակառակ կողմում չեն հայտնվի․ «Եթե հանկարծ այդպիսի դեպք լինի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում: Դա արվել է այդ նպատակով, այդ օբյեկտիվ իրողությունից ելնելով: Որևէ մարդու կալանքի տակ պահելու համար պետք են իրավական հիմքեր, եթե այդ հիմքը չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, պահել կալանքի տակ կամ պահել որպես պատանդ, դա մեր երկրի գործելակերպը չէ»:
Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք:
Ավելացնել նոր մեկնաբանություն