DETQ

Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չեղարկվել է

Իրանի Իսլամական Հանրապետության ու Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը չեղարկվել է։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Սեյիդ Մուսավիի հայտարարությունը, թե Նովրուզի նախօրեին Իրանի և Ադրբեջանի նախագահները ծրագրում են հանդիպել երկու երկրների սահմաններին, կյանքի չի կոչվել։ Լրատվամիջոցը միևնույն ժամանակ հայտնում է՝ ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Թեհրանը չի հստակեցրել հանդիպման չեղարկման պատճառները։

Ավելի վաղ Մուսավին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում։ Այդտեղ պետք է տեղի ունենար նաև «Խուդաֆերին» և «Քըզ-քալասը» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։

Լրատվամիջոցը Իրանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման ժամկետների ու հնարավորության մասին չի գրել։

#Դետքի_հետագծով

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությունը շարունակվում է, որի վկայությունն էլ երկու նախագահների հանդիպման չեղարկումն է։ Չնայած հարաբերությունները կարգավորելու երկուստեք նախաձեռնություններին` Թեհրան-Բաքու առանցքում առկա են բազմաթիվ զգայուն խնդիրներ, որոնք առ այսօր հնարավոր չի լինում հաղթահարել։

Ավելացնել նոր մեկնաբանություն