վսա

Ինչո՞ւ էր Վրաստանի վարչապետը եկել Հայաստան

Անդրանիկագետ Կարո Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Իսկ չեք մտածո՞ւմ, որ Վրաստանի վարչապետը եկել էր բացատրելու, որ չի կարելի մասնատել Տավուշը: Ինչո՞ւ հանկարծ Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը անվերապահորեն սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, երբ 2020-ի պատերազմի օրերին անգամ հումանիտար օգնություն չէր թողնում, որ Հայաստան մտնի: Ասեմ՝ ինչու: Վրաստանը տագնապած է, այն էլ ոնց է տագնապած: Մեզանում մի երկու ակնարկ եղավ, որ Տավուշի՝ խնդրո առարկա տարածքները հանձնելու պարագայում Լոռին դառնալու է սահմանամերձ: Սա ընդամենը քարտեզը տնտղելուց ծագած պարզ դատողություն է: Խնդիրը շատ ավելի լուրջ է: Նման զարգացումների պարագայում Լոռին ոչ միայն սահմանամերձ է դառնալու, այլև դառնալու է կռվախնձոր Ադրբեջանի ու Վրաստանի միջև: Վրաստանը շատ լավ է գիտակցում, որ ինչպես ՀՀ բոլոր մարզերի, այնպես էլ Լոռու վերաբերյալ Ադրբեջանը ,,հիմնավորումներ,, է շրջանառելու, Հայաստան ներկայացնողին էլ ստիպելու է հաստատել իր շրջանառածը: Իսկ Լոռու համար Ադրբեջան-Վրաստան հակամարտության արդյունքում շահողը Ադրբեջանն է լինելու: Մնացածը ժամանակի հարց է: Ադրբեջանն ինչպես այսօր Հայաստանն է կոչում ,,արևմտյան Ադրբեջան,,՝ երբևէ սկսելու է խոսել նաև ,,հյուսիսային Ադրբեջանից,,՝ նկատի ունենալով Վրաստանը: 

Վրաստանն անհանգիստ է: Ինչո՞ւ հանկարձ Կոբախիձե-Փաշինյան ասուլիսի ժամանակ խոսք գնաց Վրաստան-Հայաստան սահմանազատման գործընթացը ակտիվացնելուց: Ինչո՞ւ Վրաստանը նման հարց չէր բարձրացնում այն ժամանակ, երբ Հայաստանն ուներ ադեկվատ ու հաստատակամ ղեկավարություն: Նրան պետք է այսօր Հայաստանին պաշտոնապես ընդունել տալ իր պատկերացրած սահմանները, որպեսզի վաղը-մյուս օրը Ադրբեջանի հետ սպասվելիք խնդիրները ծագելիս՝ հարավում ,,կադաստրի թուղթ,, ունենա: Եվ Կոբախիձեի հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, բնականաբար, վերաբերում էր Ալիևին, ոչ թե այստեղի իր ,,կոլեգային,,: Այստեղինը հաշիվ չէ: Վրաստանը դա լավ գիտի, որովհետև ժամանակին ինքն էլ տուրք տվեց ,,նիկոլիզմին,,՝ տարածքներ կորցրեց, բայց կարողացավ քշել իր ,,նիկոլին,, ու վերակազմակերպվել: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի հարավային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հայտարարությունները բացառապես վերաբերում են իր անվտանգությանը: Այսինքն, Հայաստանն իր տվողական-պարտվողական ընթացքով ահռելի անվտանգային խնդիրներ է ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար՝ հարավից հյուսիս: 

Վրաստանն այսօր ազգային պետություն է, ու որքան էլ որ ծածուկ ատի մեզ, շատ լավ հասկանում է, որ Հայաստանի նման ընթացքը մոտեցնում է իր հերթը: Ահա թե ինչու էր Կոբախիձեն եկել Հայաստան»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն