
Իրանի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ու ռազմական համագործակցության զարգացումը կարող է նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության մեծացմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հնդկաստանի պաշտպանության նախարար Գիրիդհար Արամանեի հետ կայացած հանդիպմանը Աշտիանին ասել է, որ երկու երկրները գտնվում են ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում։
«Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության բազմաթիվ հնարավորությունները կարող են օգտագործվել Արևմտյան Ասիայի ու Հնդկական թերակղզու զգայուն տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»,- պնդել է նա։
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը՝ կանխելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Նա այս համատեքստում երկու երկրներին հորդորել է լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Հնդկաստանի պաշտպանության նախարարն իր հերթին ցավակցություն է հայտնել Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների սպանության կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ամրապնդման կարևորությունը։
Նա կոչ է արել զարգացնել երկկողմ համագործակցությունը ծովային ոլորտում, մասնակցել ռազմածովային զորավարժություններին, պաշտպանական հետազոտություններին, ինչպես նաև համագործակցել կրթության ասպարեզում։
Ավելացնել նոր մեկնաբանություն