56

Չորս ամսում 30 զորավարժություն. Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը, շարունակելով իր «Իրական Ադրբեջանի ու ծուռ հայելիների մասին» վերլուծությունը, տելեգրաման ալիքում գրում է. «Հենց այս ծուռ հայելիների իրավիճակում է, որ ամեն անգամ հայ հանրությունը բուռն արձագանքում է հենց նույն «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտին ու դրա տարբեր ատրիբուտներին։ Մինչդեռ դա կա 2022 թվականի դեկտեմբերի 24-ի Ալիևի ելույթում, հստակ շարադրված է, թե ինչ նպատակ է հետապնդում այդ հայեցակարգը։ Դրանից հետո ողջ պետական համակարգն ու լրատվականները լծված են այդ թեզի սպասարկմանը։ Բայց արի ու տես, որ ՀՀ իշխանությունները դա կոծկել են ու շարունակում են ջայլամի պես ոչ միայն իրենց գլուխը ավազի տակ թաղել, այլ փորձել նույն կերպ ապուշացնել հայ հանրությանը։ Դե մարդիկ էլ դրականի ակնկալիք ունեն, մարդն առհասարակ հակված է լավին հավատալուն, դրա համար ոմանք կարող են մտածել՝ դե երևի ՀՀ իշխանությունները մի բան գիտեն Ադրբեջանի մասին, որ մենք չգիտենք։ 

Ոչ, նրանք ստում են հայ հանրությանը՝ ներկայացնելով Ադրբեջանի բոլորովին այլ իմիջ։ Իրողությունն այլ է, Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում, իսկ մեր իշխանությունների վարքն էլ միմիայն նպաստում է դրան։ Դա չի նշանակում, որ Ադրբեջանին զսպել հնարավոր չէ, ճիշտ հակառակը, Ալիևն անում է բազմաթիվ էմոցիոնալ սխալներ, քանի որ ունի խորը ատելություն հայերի հանդեպ, որոնք կարելի է հենց նրա դեմ ուղղել։ 

Դա էլ արդեն քաղաքական կամքի, գիտելիքի ու հմտության հարց է։ Ամեն դեպքում՝ չի կարելի չտեսնելու տալ պարզ իրողությունները, այն, որ հակառակորդդ չորս ամսում 30 զորավարժություն է անում քո քթի տակ ու հետո ասել՝ այս «կոլըչկան», որ դրեցինք, վերջ, ագրեսիան զսպելու ենք։ Դա կատարյալ տգիտություն է, իսկ տգիտության հետևանքները միշտ դաժան են լինում։ Իրողությունները փոխելու համար նաև պետք է գիտակից ու սթափ մոտենալ իրավիճակին։ Դրա համար մի թողե՛ք ձեզ խաբեն կեղծ Ադրբեջանի մասին պատրանքներով․․․»: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն