Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Չէի կամենա անդրադառնալ թուրքական քարոզչությանը ներդաշնակ՝ Հայոց Եկեղեցու հասցեին հնչող անհեթեթ հարցադրումներին ու կեղծիքներին, բայց այս մեկն առանձնացնեմ. «Իսկ ո՞ւր էր Հայ Եկեղեցին պատերազմի օրերին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Հարց ձևակերպողները հրաշալի տեղյակ են, որ բոլոր եկեղեցականները այդ օրերին ներգրավված են եղել կա՛մ բուն ռազմական գործողություններին, ինչի արդյունքում այդ փոքրաթիվ համայնքը տվել է զոհեր, կա՛մ եղել են կռվող զինվորի կողքին՝ կատարելով իրենց հոգևոր պարտքը:
Եվ քանի որ հասկանալի պատճառներով հատկապես Գերաշնորհ Բագրատ Սրբազանին եք թիրախավորել, վստահաբար գիտեք, որ հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին՝ ձգտելով բարձր պահել նրանց աննահանջ ոգին:
Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայ Եկեղեցին կազմակերպել և իրականացրել է սոցիալական աջակցության մեծածավալ գործունեություն, ինչի մասին անգամ խոսելը հարիր չի համարվել:
Առայժմ՝ այսքանը:
Հ.Գ. Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է...»,- գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն