ՌԴ-ն չի նախատեսում իջեցնել ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է: Հենց այս պրակտիկայի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք: Ըստ այդմ՝ կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է փոխարտգործնախարարը:
Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին՝ Գալուզինը վստահեցրել է, որ այդ մասին բացարձակապես խոսք չկա:
«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ։ Լինում են հակասություններ, բայց դա չի նշանակում, թե մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:
Ավելացնել նոր մեկնաբանություն