Վաշինգտոնը հետաքրքրված է, որ Անկարան ու Բաքուն ուղիղ կապ ունենան ՀՀ տարածքով. քաղաքագետ․ «Sputnik Արմենիա»
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ Թուրքիան ու Բաքվի Հանրապետությունն ուղիղ կապ ունենան Հայաստանի Հանրապետության տարածքով։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի` «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունը։
Ջեյմս Օ’Բրայենը «Ազատությանը» տված հարցազրույցում, խոսելով Բաքվի առաջարկած «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է. «Մենք սովորաբար դրա մասին խոսում ենք որպես առևտրային մի ճանապարհի` շատ նման «Խաղաղության խաչմերուկի» հայաստանյան գաղափարին։ Այժմ արդեն գոյություն ունեն երթուղիներ, որտեղ փորված են թունելներ, կան երթուղային գծեր, ուստի իմաստ ունի սկսել` դրանք դիտարկելով։ Բայց հնարավոր է, որ ի հայտ գան մի քանի երթուղիներ, որոնք կնախատեսեն, որ ապրանքների մի մասը կգնա Հայաստանով` մինչև Վրաստան, մյուսները` Թուրքիայի տարածքով։ Եվ կսկսենք զարգացնել ճանապարհների ցանց, ոչ թե պարզապես մեկ երթուղի։ Այսպիսով` սա լայն հասկացություն է, որին մենք աջակցում ենք»։
Հրանտ Միքայելյանի խոսքով` ի տարբերություն ՌԴ-ի, որն այդ նախագծի վերաբերյալ միշտ «լղոզված» դիրքորոշում է արտահայտել, քանի որ դա իր օրակարգը չէ, ԱՄՆ-ն այս նախագծի նկատմամբ ռազմավարական հետաքրքրություն ունի։
«Որպեսզի Թուրքիան և Արևմուտքը մեծացնեն իրենց ազդեցությունը Միջին Ասիայում, պետք է ուղիղ կապ ապահովեն Կասպից ծովի և Թուրքիայի միջև։ Եվ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում են իբրև դրա միջոց։ Եվ այստեղ, այո՛, ԱՄՆ-ն ունի հետաքրքրություն, որ Բաքվի Հանրապետությունն ու Թուրքիան ուղիղ կապ ունենան Հայաստանի տարածքով»,- ասաց քաղաքագետը։
Իսկ թե ինչու էր ԱՄՆ-ն մինչև հիմա ընդդիմանում միջանցքի գաղափարին, Միքայելյանի գնահատմամբ, շատ պարզ է` ԱՄՆ-ն չէր ցանկանում, որ այդտեղ տեղակայվեին ՌԴ սահմանապահ զորքերը։ Հիմա, երբ այդ հարցը փակված է, Վաշինգտոնը բացահայտ արտահայտում է իր վերաբերմունքը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն