
Չինաստանը արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմ հրահրելու մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեղադրանքին
Պաշտոնական Պեկինը արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմ հրահրելու մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մեղադրանքներին՝ հորդորելով պատերազմի մեղքն ուրիշի վրա չբարդել։
Ըստ «Դետք»-ի՝ բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Մենք խորհուրդ ենք տալիս ՆԱՏՕ-ին դադարեցնել մեղքն ուրիշի վրա բարդելը և պառակտում սերմանելը, յուղ չլցնել կրակին և առճակատում չհրահրել, այլ ինչ-որ գործնական բան անել ճգնաժամի քաղաքական կարգավորման համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Չնայած Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը ամրապնդվել է Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո, Պեկինը հերքում է Արևմուտքի մեղադրանքներն առ այն, որ ինքն օգնում է Մոսկվային։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շաբաթվա սկզբին Չինաստանին կոչ էր արել պատասխան տալ Ուկրաինա ներխուժման հարցում ՌԴ-ին աջակցելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն