
Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին ասել է, թե անհրաժեշտ է կանխել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը, հակառակ դեպքում Լիբանանը կարող է դառնալ հերթական Գազա։
Այդ մասին նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում: Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել Իսրայելի ու Լիբանանում տեղակայված «Հիզբոլլահի» միջև ընդհարումների և «ռազմական հռետորաբանության» առնչությամբ:
«Մեկ չմտածված քայլ, մեկ սխալ հաշվարկ, և կարող է առաջանալ աներևակայելի աղետ: Եկեք հստակ փաստենք, որ տարածաշրջանի ժողովուրդը և աշխարհը չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա ևս մեկ Գազա»,- ասել է Գուտերեշը:
Նա կոչ է արել կողմերին շտապ վերահաստատել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի ամբողջական կատարումը և անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:
2006 թվականին ընդունված թիվ 1701 բանաձևը նախատեսում է Իսրայելի և «Հիզբոլլահի» միջև հրադադար, Հարավային Լիբանանից իսրայելական ուժի հեռացում և ապառազմականացված գոտու ստեղծում:
Աղբյուրը՝ «Ազատություն»
Ավելացնել նոր մեկնաբանություն