
Իրանում կայացել է նախագահի թեկնածուների 4-րդ բանավեճը
Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ տեղի է ունեցել նախագահի թեկնածուների 4-րդ մեծ բանավեճը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ բանավեճը կայացել է ուղիղ եթերում, որին մասնակցել են նախագահի բոլոր 6 թեկնածուները։ Բանավեճի շրջանակում վերջիններս ներկայացրել են իրենց ծրագրերն ու տեսակետները երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել իրենց մրցակիցների հարցերին։
Ընտրապայքարի առաջատարներից Իրանի խորհրդարանի նախագահ, պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է Թեհրանի դեմ սահմանված անարդար պատժամիջոցներին և դրանք չեզոքացնելու համատեքստում կարևորել ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։
«Եթե մեր նավթի վաճառքն ազատվի պատժամիջոցներից, մենք կարող ենք վերականգնել լրացուցիչ արձանագրությունը։ Եթե նրանք պատժամիջոցներից ազատեն մեր նավահանգիստները, ապահովագրությունը և Կենտրոնական բանկը, ապա մենք կարող ենք կատարել պարտավորությունները»,- ասել է Ղալիբաֆը՝ կարևորելով նաև մարդկանց եկամուտների ու գնաճի անհամամասնությունը փոխհատուցելու անհրաժեշտությունը։
Պահպանողականների մյուս առաջատարը՝ Սայիդ Ջալիլին, անդրադարձել է արտաքին քաղաքականության հարցում առկա զգալի հնարավորություններին և նշել, որ պետք է հաշվի առնել ողջ աշխարհում առկա իրողությունները։ «Լատինական Ամերիկայից մինչև Աֆրիկա, մեր հարևանները, Դիմադրության առանցքի երկրները կարող են մեզ համար հնարավորություններ ստեղծել, մենք չպետք է անտեսենք դրանք»,- ընդգծել է թեկնածուն։
Բարեփոխականների թեկնածու Մասուդ Փեզեշքիանը, որը քարոզարշավի ընթացքում հանդես է գալիս ամբոխահաճո և ակնհայտ պոպուլիստական հայտարարություններով, շեշտել է՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում հավատարիմ է մնալու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սահմանած արտաքին քաղաքական կուրսին։
Վերջինս միևնույն ժամանակ ողջունել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի դերը Իրանի միջուկային գործարքին հետևելու հարցում։ «Մենք պետք է հարցերը լուծենք մասնագետների օգնությամբ։ Եթե մենք այս մոտեցմամբ չանդրադառնանք առկա խնդիրներին, ապա չենք կարող հեշտությամբ լուծել պատժամիջոցների հետ կապված խնդիրները»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 28-ին։
Ավելացնել նոր մեկնաբանություն