Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանմամբ վերափոխելու նախագիծը
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում կայացված որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները․
Անդրադառնալով դպրոցներում դասավանդվող առարկաներին, մասնավորապես, Հայոց պատմություն առարկային և դրանց չափորոշիչներին՝ Անդրեասյանը նշեց․ «Որպեսզի դպրոցն իրականացնի այս խնդիրները, առանցքային է պատմության ուսուցանումը։ Չափորոշչով սահմանված է հայրենագիտության և հասարակության ու հասարակական գիտությունների բնագավառը, որի շրջանակներում պետք է ներկայացվեն Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները։ Չափորոշչի մեկ այլ կետով՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է Հայոց պատմություն առարկան»,- նշեց Անդրեասյանը։
Ըստ նրա՝ այս պահին այդ առարկայի անվանումը խնդրահարույց է, որովհետև Հայք բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Հայաստան, հայեր, սակայն իրավական պետության պատմության ներկայացման, դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը, ուստի նախագիծն առաջարկում է պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն» անվան ներքո։
«Պատմության ուսուցումն առաջին հերթին պետք է միտված լինի ժամանակակից Հայաստանի, Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այդ իմաստով մենք կկարողանանք նաև սովորողների համար շատ ավելի տեսանելի և համակարգային ներկայացնել պատմությունն՝ ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը։ Եվ դրա հիմքով արդեն սովորողը պարզեցված տարբերակով կտեսնի ողջ պատմության և պետության կապը՝ այս կերպ պետությունն ընկալելով որպես պատմական դրվագների և գործընթացների արդյունք», - ասաց ԿԳՄՍ նախարարը։
Նա տեղեկացրեց, որ այս նախագծով խոսքը գնում է ոչ թե առարկայի բովանդակության փոփոխության մասին, այլ առարկայի բովանդակության ներկայացման փոփոխության մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նախագծին, նշեց, որ նման որոշման ընդունումը կապված է նրա հետ, որ Կառավարության ռազմավարության հիմքում դրված է պետականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը։
«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է, ու պետք է մենք ուժ ուեննանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ», - նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ հանրային կյանքի կենտրոնում պետք է դնել պետությունը։
Փաշինյանի գնահատմամբ՝ այժմ գտնվում են մի գործընթացի մեջ, որտեղ փորձում են բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, և սա չափազանց կարևոր պրոցես է։
«Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը՝ պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով։ Սա շատ կարևոր և հայեցակարգային տրամաբանություն է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս առումով կարևոր է հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն