Իրաքի ԱԳ նախարարն այցելել է ԱՄՆ՝ ամրապնդելու ռազմական, քաղաքական և տնտեսական կապերը
Իրաքի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը ուրբաթ ասել է, որ մեկնել է Վաշինգտոն՝ ամրապնդելու իր երկրի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և քննարկելու Իրաքի տնտեսությունը բարեփոխելու ուղիները:
Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտում հարցուպատասխանի ժամանակ նա նշել է, որ իր այցը նշանավորում է ժողովրդավարության «անցման» 20-ամյակը՝ հղում անելով 2003 թվականին Իրաք ամերիկյան ներխուժմանը և օկուպացմանը:
«Իրաքյան հասարակությունն այսօր ազատ և ժողովրդավարական հասարակություն է»,- ասել է Հուսեյնը՝ ընդունելով այն, որ ԱՄՆ-ն և Իրաքի առաջնորդները, որոնք իշխանության են եկել ներխուժումից հետո, բազմաթիվ սխալներ են թույլ տվել օկուպացիայի ընթացքում, որոնցից շատերը դեռևս հետապնդում են երկու երկրներին էլ:
Հուսեյնը շեշտել է, որ ներխուժումից 20 տարի անց երկու երկրներն էլ վայելում են «առողջ հարաբերություններ» և ունեն ընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ահաբեկչության դեմ պայքարը և Իրաքի նավթի ու գազի ոլորտներում ներդրումները:
Ըստ պաշտոնյայի՝ Իրաքի առջև ծառացած ամենամեծ խնդիրը տնտեսության բարելավումն է, որը մեծապես կախված է նավթի արտահանումից, և պետական կոռուպցիայի դեմ պայքարը, որը վերջին տարիներին հանգեցրել է բողոքի լայնածավալ ցույցերի. «Կոռուպցիայի դեմ պայքարն ավելի դժվար է, քան ԴԱԻՇ-ի դեմ պայքարելը»։
Հուսեյնն ասել է, որ կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարումները և ներդրումներ կատարել գյուղատնտեսության ու զբոսաշրջության մեջ. «Մեր հիմնական առաջնահերթությունները տնտեսության կայունացումն ու արդիականացումն են, բյուջեի ընդունումը, կոռուպցիայի դեմ պայքարը, էլեկտրացանցերի զարգացումը և Իրաքի ժողովրդին ծառայություններ մատուցելը»:
Պաշտոնյան նշել է՝ քանի որ Իրաքի տնտեսությունը գրեթե բացառապես սպառողական տնտեսություն է և իր բոլոր կարիքները պետք է գնի դրսից՝ կանխիկ վճարումների միջոցով, այն ստեղծել է կառուցվածքային տնտեսական խնդիրներ։
Հուսեյնը քննարկումներ է անցկացրել ԱՄՆ գանձապետարանի պաշտոնյաների և Դաշնային պահուստային համակարգի հետ՝ պաշտպանելու Իրաքի տնտեսությունը և արժույթը, որի արժեքը կտրուկ անկում է ապրել:
Նա հերքել է այն պնդումները, թե Իրաքից հարյուր միլիոնավոր դոլարների մաքսանենգություն է իրականացվում դեպի Իրան՝ նշելով, որ Իրաքն ամուր հարաբերություններ ունի հարևան Թուրքիայի և Իրանի հետ և միշտ աջակցել ու խրախուսել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները:
«Մենք տեղյակ ենք Վաշինգտոնի և Իրանի միջև լարվածության մասին, բայց մենք շատ ամուր հարաբերություններ ունենք երկուսի հետ էլ»,- հավելել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն