դվ

Երևանը չի բացահայտում՝ ինչ հարցի շուրջ Բաքվի հետ չեն կարողանում գալ համաձայնության. «Ազատություն»

Իշխանությունը չի բացահայտում՝ ի՞նչ հարցի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում գալ համաձայնության։ Շաբաթօրյա ասուլիսում վարչապետը հայտարարեց՝ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածից 13-ը, 3-ի բառապաշարի շուրջ կա համաձայնություն։ Ստացվեց՝ կա մեկ կետ, որը վիճելի է։ Բայց ո՛չ համաձայնեցված, ո՛չ քննարկվող ու վիճելի կետերի բովանդակությունը Փաշինյանը չբացահայտեց, գրում է «Ազատություն»-ը։

«Եթե հավելյալ բան լինի տեղեկացնելու, կասենք», - այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

Փոխարտգործնախարարից բացի՝ նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող, «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանն էլ բացահայտումներ չարեց, բայց պնդեց՝ Հայաստանի զինվելուց դժգոհող Ադրբեջանը այդ պահանջը խաղաղության պայմանագրի նախագիծ չի հասցրել, հակասությունն էլ դրա շուրջ չէ:

«Երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել՝ զինամթերք ձեռք չբերել, սպառազինություններ ձեռք չբերել: Բայց դուք նաև գիտեք, որ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որը անարձագանք է մնացել: Ադրբեջանը ևս զինվում է, այսինքն՝ եթե էդպիսի մտահոգություն կա այնտեղ, այստեղ է՛լ ավելի կա այդ մտահոգությունը, և դրա համար ատ տրամաբանական է, որ այդպիսի մեխանիզմ գործի, բայց այդ մեխանիզմը անպատասխան է մնում», - ընդգծեց Խանդանյանը՝ հավելելով. - «Պայմանագրի բուն տեքստի քննարկումների ժամանակ նման հարց չի քննարկվել»:

«Ադրբեջանը այդպիսի կետ չի՞ նշում բանակցության», - «Ազատության» այս հարցին ԱԺ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ոչ, չի նշում»:

Հայ - ադրբեջանական սահմանազատման՝ անցած շաբաթ ստորագրված կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները որպես սկզբունք կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Բայց նաև ձևակերպում կա, որ եթե խաղաղության համաձայնագրում այլ սկզբունք ամրագրվի, այն կարող է գերակա լինել Ալմա-Աթայի համեմատ։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, սակայն, վստահեցնում է՝ այլ սկզբունք չի քննարկվում, իսկ Ալմաթիի հարցում նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում են հասել համաձայնության։

«Իրավաբանական լեզու է, որ ավելի բարձր ստատուս ունեցող փաստաթուղթը կարող է այլ սկզբունք ամրագրել, բայց նման բան չի քննարկվում: Դա իրավական տեխնիկայի հարց է՝ հաշվի առնելով, որ կողմերը բանակցում են նաև՝ ավելի բարձր ստատուս ունեցող փաստաթուղթ ստորագրել», - ասաց Խանդանյանը՝ դրական պատասխանելով «Ազատության»՝ հարցին՝ «Ալմաթիի շուրջ եկե՞լ են համաձայնության կողմերը, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի». - «Իհարկե եկել են, և դա բազմիցս ասել ենք: Այսինքն՝ քաղաքական մակարդակում դա եղել է, և փաստաթղթում ևս դա համաձայնեցված է, և մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հենց այդպես էլ պիտի մնա»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն