
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Համաժողովի ժամանակ ունեցած ելույթում նա ասել է, որ Հարավային Կովկասում իրադրության գնահատման և կայունություն հաստատելու առումով կարևոր թեմա է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։
««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նախատեսում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային կոմունիկացիաները, այսինքն՝ երկաթուղի, ավտոճանապարհ, հնարավոր մալուխներ, հնարավոր գազամուղներ, էլեկտրագծեր, հաղորդակցության այլ ուղիներ բացել, այլև ենթադրվում է, որ նման զարգացում պիտի տեղի ունենա նաև Հայաստանի և Թուրքիայի միջև։ Իհարկե, «Խաղաղության խաչմերուկը» մեզ համար կարևոր է նաև այն պատճառով, որ այն իրականացնելու դեպքում հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ունենալու Իրանի հետ, որի հետ հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար, մենք հնարավորություն ենք ունենում նաև երկաթուղային կապ ունենալու Թուրքիայի, Եվրոպայի, Ռուսաստանի հետ։
Իհարկե, նաև Ադրբեջանը հնարավորություն է ունենում Հայաստանի տարածքով երկաթուղային կապ ունենալու Թուրքիայի, Իրանի հետ, այստեղ կարևոր է նաև Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև ավտոմոբիլային և երկաթուղային կապի հաստատումը Հայաստանի տարածքով։ Մենք պատրաստ ենք նման հաղորդակցություն տրամադրել, բայց նաև պետք է արձանագրենք, որ այսօր Նախիջևանը զրկված չէ տրանսպորտային կապից, որովհետև և՛ Իրանի, և՛ Թուրքիայի տարածքով Նախիջևանը հնարավորություն ունի արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի իրագործել այս նախագիծը՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովումը։
Վարչապետի խոսքով՝ այս գործընթացին խանգարում է այն, որ ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել առաջարկվող հնարավորությունից. «Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը, թե ինչքանով է «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը համապատասխանում այդ թվում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը։ Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»։
Նա մեջբերել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և ընդգծել, որ ՀՀ տարածքում կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն, ինչ չկա եռակողմ հայտարարության մեջ։ Իսկ չկա, որ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ ընդհանրապես չկա:
Չկա որևէ դրույթ, որը կնշանակի, որ ՀՀ իրավազորությունը իր ինքնիշխան տարածքում որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների առումով: Նման դրույթ պարզապես գոյություն չունի, չէր էլ կարող ունենալ»,- ասել է Փաշինյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն