Ամերիկյան ու բրիտանական բարձրաստիճան հետախույզների այցերը Բաքու ինչի՞ մասին են վկայում
Անցնող օրերին միանգամից երկու հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Բաքու: Այս մասին տելեգրամյան ալիքում գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալայանը՝ հիշեցնելով. «Նախ, սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Բաքու է ժամանել ԱՄՆ Պաշտպանական հետախուզության գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորը: Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի, նա ժամանել էր երկկողմ անվտանգային գործակցությունն ընդլայնելու նպատակով:
Ընդ որում, այստեղ թերեւս հատկանշական է, որ Բաքու այցելողն ամերիկյան բանակի հետախուզության, այլ ոչ թե Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան ներկայացուցիչ է:
Նրա այցից տասն օր անց Ադրբեջան է ժամանում արդեն բրիտանական հետախուզության հայտնի ղեկավարը՝ Ռիչարդ Մուրը: Նա դասախոսություն է կարդում Բաքվի համալսարաններից մեկում: Թե էլ ինչ է անում Մուրը Բաքվում, հայտնի չէ, բայց կասկածից վեր է, որ Մուրը դասախոսության համար չէ, որ ժամանել է Ադրբեջան:
Ամերիկյան ու բրիտանական բարձրաստիճան հետախույզների Բաքու կատարած հաջորդական այցերը վկայում է, որ Ադրբեջանի առնչությամբ կան էական սպասումներ կամ հնարավոր ծրագրեր, որոնք նրանք քննարկել են Բաքվի հետ:
Ընդ որում, չեմ բացառում, որ երկու այցերը ոչ թե այսպես ասած միեւնույն նպատակի ծառայող կամ միմյանց լրացնող են, այլ ընդհուպ՝ հակադիր: Չնայած զգալի ընդհանուր նպատակների, այդուհանդերձ կարծում եմ, որ էական տարաձայնություններ կան ԱՄՆ ու Բրիտանիայի միջեւ՝ թե ընդհանուր որոշ նպատակների հասնելու մեթոդաբանության, գործիքակազմի մասով, թե նաեւ հենց որոշ հարցերում նպատակների:
Ավելին, հակված եմ այդուհանդերձ մտածել, որ երկու հաջորդական այցերը ավելի շուտ խոսում են տարբերությունների, քան ընդհանրության մասին: Այլապես, հազիվ թե լիներ երկու այցի կարիք՝ կայցելեր կամ ամերիկացի գեներալ-հետախույզը, կամ Մուրը: բացառված չէ նույնիսկ, որ Մուրը այցելել է հենց հասկանալու, այսպես ասած հետախուզելու, թե ինչ նպատակ ու օրակարգ է ունեցել ամերիկացի հետախույզ գեներալի այցը Բաքու»:
Ավելացնել նոր մեկնաբանություն