Հայրենիքի և պետականության հակադրումը ինքնին թշնամական թեզ է. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետություն կարելի է փոխել, քաղաքացիություն` իհարկե կարելի է փոխել, անգամ կարելի է հրաժարվել քաղաքացիությունից ու ոչ մի երկրի քաղաքացի չդառնալ, իսկ Հայրենիքի՞ց։
Իսկ կարելի՞ է հրաժարվել Հայրենիքից, կամ փոխել Հայրենիքը։
Թերևս այո', կարելի է, եթե միայն կարող ես հրաժարվել ծնողներից, ծնողական սիրուց, ժառանգությունից` որ ստացել ես, և միայն այդ դեպքում կարող ես փոխել նաև Հայրենիքը, որովհետև դրանից հետո դու սովորական «ոչնչություն» ես դառնում, ընդունակ մարդկային ամենանսեմ քայլերին։
ԽՍՀՄ-ը պետություն էր, ՀԽՍՀ-ն պետություն էր, և հայը նախ ՀԽՍՀ, իսկ հետո ԽՍՀՄ քաղաքացի էր։ Երկուսն էլ այսօր չկան, բայց կա Հայը` կառչած իր Հայրենիքին։
Հայրենիքի և պետականության հակադրումը ինքնին թշնամական թեզ է, որովհետև միայն Հայրենիքի գիտակցումն ու սերն էր, որ 600 տարի հետո ստիպեցին հային պետականություն վերստեղծել, հանուն սեփական Հայրենիքում սեփական տեսակի հարատևության ապահովման։
Պետությունը Հայրենիքի հայկական մնալու երաշխավորն է և ազգային կենցաղի կազմակերպման հանձնառուն, որպեսզի տեսակը հարատևի ո'չ թե այլ հողում ստեղծված թեկուզ հայկական պետության մեջ, այլ սեփական Հայրերի երկրում` Հայրենիքում»։
Ավելացնել նոր մեկնաբանություն