Submitted by detq-editor on
«ԵՄ առաքելության նպատակը համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն»․ ԵԽ պատգամավոր

«ԵՄ առաքելության նպատակը համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն»․ ԵԽ պատգամավոր

Եվրամիության առաքելության գլխավոր նպատակը Հայաստանի սահմաններին գտնվելով համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել է Երևանում գտնվող Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Այս առաքելությանը սկիզբ դրվեց Պրագայի գագաթնաժողովից հետո, երբ Ֆրանսիան, Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի առջև հանձն առան ԵՄ առաքելություն տեղակայել: Առաքելությունը հնարավորինս արագ՝ մի քանի օրից, մի քանի շաբաթից կհասնի 100 հոգու, այս պահին այստեղ է 50 դիտորդ։ Սա քաղաքացիական առաքելություն է, ինչը նշանակում է, որ դիտորդները զինված չեն, նրանց նպատակը պարեկություն կատարելն է, համոզվելը, հաստատելը, որ չլինեն ներխուժումներ Հայաստանի տարածք, փոխհրաձգություն, բռնությունների վերսկսում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ սահմանի երկայնքով։ Այս պարտավորությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է, շատ գնահատելի է Եվրամիության կողմից, որի հիմնական նպատակն է վստահություն ներշնչել տեղի բնակչությանը»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հիշեցրել է, որ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը զեկույցով պահանջել է Ադրբեջանից դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից ու վերադառնալ նախկին դիրքեր։

«Հաճախ ենք լսել, որ Ադրբեջանը պահանջում էր հարգել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը ևս տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունք ունի, և սա քննարկման ենթակա չէ»,- հավելել է նա։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կարծիքով՝ սահմանների մշտադիտարկման համար խոչընդոտ չէ, որ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական սահմանազատում. «Մենք բոլորս գիտենք, որ կողմերի միջև վերջնական ու ճշգրիտ սահմանազատում չկա, ու դա խաղաղության հաստատման պայմաններից մեկն է»:

«Ցանկալի է, որ այդ հանձնաժողովի աշխատանքն առաջընթաց ունենա, դրանով հանդերձ, ոչ ոք չի կարող ժխտել, որ սեպտեմբերին կատարվածը ներխուժում էր և հարված Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Գյուղերը, որոնք թիրախավորվել են, հայաբնակ, Հայաստան պետության կողմից կառավարվող բնակավայրեր են, հետևաբար Հայաստանն է, որ թիրախավորվել է»,- նկատել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Եվրամիության դիտորդները Հայաստան են ժամանել երեկ, նրանց օպերատիվ շտաբը գործելու է Եղեգնաձորում։

Առաքելության ժամանմանը բացասաբար է արձագանքել Մոսկվան՝ պնդելով, որ նրանց նպատակը միայն Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելն է և ոչ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Անցյալ տարի Պրագայում եվրոպական նախորդ, կարճաժամկետ առաքելությանը հավանություն տված Բաքուն իր հերթին դեմ է արատահայտվել նոր դիտորդներին, անգամ պնդել է, թե «եվրոպացիներն իրենց խաբել են»:

Ավելացնել նոր մեկնաբանություն