Ինչո՞ւ պաշտոնական Երևանը չի քննադատում ՆԱՏՕ-ի գեներալի այցը Բաքվի «ռազմավարի պուրակ»
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է․ «Պաշտոնական Երեւանը գոնե խորհրդարանի մի պատգամավորի մակարդակով չի՞ գտնում ժամանակ, իր դժգոհությունն արտահայտել ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի՝ Բաքվի «ռազմավարի պուրակ» այցելության առնչությամբ:
Եթե այց կատարած լիներ որեւէ ռուսաստանցի զինվորական, հիմա ըստ երեւույթին հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից: ՆԱՏՕ գեներալի դեպքում՝ լռություն է»:
Մեկ այլ գրառմամբ Բադալյանը նշել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես է ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի տնօրեն, գեներալ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունն այցելել Բաքվի այսպես կոչված ռազմավարի պուրակ:
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այնտեղ ցուցադրում է 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից խլված սպառազինությունն ու տեխնիկան:
Պատկերացնում եք թերեւս, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե այդ այսպես կոչված ռազմավարի պուրակ այցելեր որեւէ ռուսական պատվիրակություն, որեւէ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյա: Թերեւս չկա նկարագրելու կարիք:
Իսկ արդյո՞ք հավասարապես նույն արձագանքը կլինի ՆԱՏՕ բարձրաստիճան զինվորականի այցի պարագայում: Վստահաբար՝ ոչ: Որովհետեւ այդ արձագանքները իրենց գերակշռող մասով, ոչ ամբողջապես անշուշտ, բայց գերակշռող մասով պայմանավորված են լինում քարոզչա-քաղաքական նարատիվներով:
Մինչդեռ, դա իհարկե Հայաստանի դժբախտություններից մեկն է, երբ կարեւոր հանրային ու օետական ռեակցիաները, որ պետք է լինեն բոլորի պարագայում, «բաժանվում» են ըստ նարատիվների, ըստ քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի:
Մինչդեռ, ցանկացած պատվիրակության այց ռազմավարի պուրակ, պետք է արժանանա Հայաստանի հանրային պարսավանքի, այցելողը կլինի ռուսական պատվիրակություն, թե ՆԱՏՕ-ական, թե ամերիկյան, թե որեւէ այլ:
Ընդ որում, առավել վատ է այն, որ ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի պետ Յանուշ Ադամչակը Բաքու այցից առաջ եղել է Երեւանում: Երբ Երեւանից հետո կարճ ժամանակ անց Բաքու այցելող ՆԱՏՕ պաշտոնյան իրեն թույլ է տալիս այցելել այսպես ասած ռազմավարի պուրակ, սա իհարկե անուղղակի, սակայն խիստ թափանցիկ ու դիպուկ ցուցիչ է, թե ինչ դիվանագիտական արդյունավետությամբ կամ տվյալ պարագայում՝ անարդյունավետությամբ է նրա հետ հարաբերվել Երեւանը»:
Ավելացնել նոր մեկնաբանություն