եֆ

Գերկարևոր քաղաքական իրադարձություններ, որ վճռորոշ են հայ-ադրբեջանական հարաբերություններում

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Եվ այսպես, շուտով կգա 2024 թ. նոյեմբերը, որը խորհրդանշում է Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը, Հայաստանի բազմադարյան պատմության ծանր կորուստների հիշողություններով: Չորս տարի անցավ, բայց դեռ պարզ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը, որը փաստացի նշանակում է կիսապատերազմական դրության պահպանում:

Ըստ Երևանից հնչող պաշտոնական տեղեկատվության պայմանագրի 80%-ը համաձայնեցված է, մնացածը՝ ոչ: Պայմանագիրը չի կնքվում չհամաձայնեցված հոդվածների պատճառով:  Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածության համաձայն պայմանագրի տեքստը գաղտնազերծված և հանրայնացված չէ, որն ըստ էության չի խոչընդոտում հայաստանյան մեդիադաշտում հերոսացող ռահվիրա «քաղաքագետներին» ժամը մեկ հարցազրույցներ տալ և քննդատել ում, որ հնարավոր է:

Վոլեյբոլի խաղի նման պայմանագրի տեքստը 10-12 անգամ էլեկտրոնային տարբերակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ թռիչքներ է կատարել , բայց դեռ սեղանին չի դրվել  և մնում է օդում կախված: Կհամաձայնեցվեն՞ արդյոք վիճելի հոդվածները, թե ոչ, ինչ ժամկետներում, դժվար է հստակ կանխատեսել, բայց իմ կարծիքով դրա լուծման բանալին անմիջականորեն կապված Է առաջիկա ամիսների գերկարևոր քաղաքական իրադարձությունների ելքի հետ: Փորձեմ թվարկել դրանք:

Առաջին. Նոյեմբերի առաջին շաբաթում կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներ: Թրամփի ընտրվելու դեպքում հավանական է զինադադարի կնքում ուկրաինական պատերազմում, որը Պուտինին հնարավորություն կտա ավելի խիստ ճնշում գործադրել կողմերի վրա ռուսական պետական շահերը հաշվի առնելու համար:  

Երկրորդ. Իսրայել -Իրան առճակատման զարգացումների հետևանքները, որոնք Ալիևի ակտիվության վրա ազդող կարևոր գործոն կդառնան:

Երրորդ. Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք էական նշանակություն ունեն ռուսական ազդեցության չափաբաժնի ավելացման առումով, որովհետև ներկա իշխանությունները հստակորեն երկիրը հանում են արևմտյան ազդեցության գոտուց և արդեն վաստակել են Վաշինգտոնի և Բրյուսելի զգուշացումներն ու սպառնալիքները:

Չորրորդ. Անկարայի և Բաքվի հարաբերություններում նկատվող նոր միտումները կապված ռուսական ռելսերի վրա տեղափոխվելու և դեպի հյուսիսային հարևան տեղաշարժվելու ադրբեջանական իշխանությունների քայլերի հետ: Այս իրողությունը պարզ է, որ դժկամությամբ է ընդունվելու Անկարայի կողմից:  

Ալիևը շատ լավ  և հստակ գիտակցում է այս իրադարձությունների նշանակությունը և հավանաբար չի շտապում, դեռ ավելին, նրա հռետորաբանությունը ցույց է տալիս, որ ժամանակ է ձգում առավել նպաստավոր պահի և ավելի մեծ օգուտներով պայմանագիր կնքելու համար: Այս հանգամանքները թելադրում են առավել զգույշ և հավասարակշռված արտաքին քաղաքական դիրքորոշումներ ունենալ և խուսափել ավելորդ բարդություններից, հատկապես ուժային հարևանների՝ ՌԴ, Թուրքիա, Իրան եռանկյունու նկատմամբ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն