ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն Իրանում են՝ հետաքննություն անցկացնելու համար
ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) աշխատակիցները մեկնել են Թեհրան և սկսել իրենց հետաքննությունը, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին։
«Փոխգործակցության և համակարգման շնորհիվ մենք միշտ փորձում ենք խուսափել նոր երկիմաստությունից գործակալության հետ համագործակցության գործընթացում»,- ընդգծել է Էսլամին։
Մեկնաբանելով Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հնարավորությունը՝ Էսլամին քննադատել է մյուս կողմերի մոտեցումը, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում։
«ԳՀՀԾ-ի հիմնական կողմերը չեն կատարել իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ ամերիկացիները չեն համագործակցել և թույլ չեն տվել մյուսներին համագործակցել»,- ընդգծել է նա ր հավելել, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է պարտավորությունների միակողմանի կատարումը։
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել էր, որ տեղյակ է Իրանում ուրանի հարստացման մասին և անհրաժեշտության դեպքում կտեղեկացնի Կառավարիչների խորհրդին։
Մինչ այդ Իրանը քննադատել էր ԱԷՄԳ-ին միջուկային օբյեկտներից մեկում խախտումների մասին ոչ հավաստի զեկույցի համար։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Իրանին կոչ են արել կատարել պարտավորությունները։
Այս մասին նշվել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերաբերյալ զեկույցի հրապարակման հետ կապված։
Ավելացնել նոր մեկնաբանություն