Submitted by Անի Երյան on
Հաագայի դատարան

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական երկու առարկությունները

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները:

Դատարանն այսօր դռնբաց նիստում հրապարակել է իր վճիռը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ:

Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ: 

Դատարանի նախագահ, դատավոր Նավ-աֆ Սալամը նշեց, որ իր դիմումի մեջ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է ՌԽՎԿ-ի մի քանի դրույթներ՝ տասնամյակներ շարունակ իրականացնելով ռասայական խտրականության պետական քաղաքականություն: Հայաստանը մասնավորապես պնդում է, որ պետության կողմից հայատյացության քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության են ենթարկվել, զանգվածային սպանությունների, խոշտանգման, բռնության և չարաշահումների:

«Դատարանն ի գիտություն է ընդունում, որ Հայաստանը դիմել է, որպեսզի Դատարանը 36-րդ հոդվածի առաջին մասով հաստատի իրավազորությունը ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված պարտավորություններին համապատասխան: Ադրբեջանը երկու նախնական առարկություն է ներկայացրել.

  1.  պնդել, որ Դատարանը իրավազորություն չունի ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների նախապայմանը չկատարելու պատճառով. 
  2. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի որոշ պահանջներ դատարանի իրավազորության ներքո չեն առարկայական իրավազորության շրջանակում ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածի համաձայն:

Հենց այս առարկությունները մերժեց Հաագայի դատարանը: 

Ավելացնել նոր մեկնաբանություն