Չինաստանը հավաքագրում է կանանց՝ տախտակամածային մարտական ինքնաթիռներ վարելու համար. SCMP

Չինաստանը հավաքագրում է կանանց՝ տախտակամածային մարտական ինքնաթիռներ վարելու համար. SCMP

Չինաստանի ռազմածովային նավատորմը հավաքագրում է կանանց և համալսարանները վերջերս ավարտածներին՝ տախտակամածային ավիակիր ինքնաթիռների վարման դասընթացների համար։ Այս մասին հայտնում է «South China Morning Post»-ը՝ հղում կատարելով սոցցանցերում նավատորմի պաշտոնական օգտահաշվում կուրսանտների հավաքագրման մասին տեղ գտած հայտարարությանը։

Պարբերականի տվյալներով՝ հայտարարությունում կոչ է արվում երիտասարդ տղամարդկանց և կանանց՝ «իրենց երիտասարդությունը նվիրել համաշխարհային դասի ռազմածովային նավատորմի ստեղծմանը և իրենց ավանդը ներդնել չինական ազգի երիտասարդացման մեծ գործում»։

Թեկնածուները պետք է լինեն բուհերը վերջերս ավարտածներ, որոնք ունեն բակալավրի աստիճան բնական գիտությունների, տեխնոլոգիաների կամ ինժեներիայի ոլորտներում։ Նրանք չպետք է 24 տարեկանից մեծ լինեն և չպետք է ունենան քրեական անցյալ։

Երկու ընտրափուլերից հետո նախնական ընտրված թեկնածուները մարտին և ապրիլին կմեկնեն Չինաստանի ծովային ավիացիայի համալսարան (Յանթայ, Շանդունի նահանգ), որտեղ երեք-չորս տարի տեսական և թռիչքային ուսուցում կստանան։

Նշվում է, որ մինչ այդ համալսարան կարելի էր ընդունվել միայն միջնակարգ դպրոցից հետո։ Բացի դրանից՝ կանանց տախտակամածային ավիացիայի համար չէին հավաքագրում, նրանց սովորեցնում էին միայն ՌՕՈՒ-ի ինքնաթիռներ վարել։

Ըստ պարբերականի՝ կանոնների այս փոփոխությունները ծովային ավիացիայի համալսարանում կապված են օդաչուների անբավարարության հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն