«ՆԱՏՕ-ն դե ֆակտո գտնվում է Ռուսաստանի հետ ուղղակի զինված առճակատման մեջ». Պեսկով
«ՆԱՏՕ-ի երկրները, հաշվի առնելով Ուկրաինայում գտնվող իրենց զենքերը, իրենց հետախուզության աշխատանքը, հաշվի առնելով սպառազինությունների շարունակական մատակարարումները, դե ֆակտո Ռուսաստանի դեմ կռվում են միասնական դաշինքով»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս մասին քարտուղարը հայտնել է «Известия» պարբերականին տված հարցազրույցում: «Ըստ էության, այժմ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս միասնական դաշինքով արդեն ոչ թե որպես մեր պայմանական հակառակորդ, այլ որպես թշնամի: Նրանց հետախուզությունն օրը 24 ժամ աշխատում է մեր դեմ, նրանց սպառազինությունը, ինչպես ընդգծել է նախագահ Պուտինը վերջերս տված հարցազրույցում, անվճար մատակարարվում է Ուկրաինային և կրակում մեր զինվորականների վրա:
Ես չեմ էլ խոսում այն մասին, որ նրանք կրակում են Ուկրաինայի քաղաքացիների վրա, գնդակոծում են ուկրաինական քաղաքներն ու գյուղերը: ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնում են պարտավորություններ և ընդունվում հավաքական որոշումներ նոր մատակարարումների, սպառազինությունների նոր խմբաքանակների վերաբերյալ՝ դրանց տեխնիկական մակարդակի մշտական բարձրացմամբ»,- ասել է Պեսկովը։
«Այդ երկրները՝ Ֆրանսիան, Անգլիան, ԱՄՆ-ն, այժմ գտնվում են նույն կազմակերպության մեջ, որը դե ֆակտո պատերազմում է մեր դեմ, ուղղակի զինված առճակատման մեջ է մեզ հետ՝ նկատի առնելով նրանց զենքն Ուկրաինայում»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովն ընդգծել է, որ «այստեղ պետք չէ ոչինչ թաքցնել, ոչինչ հարթել, պետք է իրերն իրենց անուններով կոչել», չնայած այդ երկրներն անդադար կրկնում են, որ չեն ցանկանում հակամարտության մասնակից լինել:
Ավելացնել նոր մեկնաբանություն