Զախարովան հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն կիրականացնեն ՌԴ-ի հետ մշակված նախաձեռնությունները

Զախարովան հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն կիրականացնեն ՌԴ-ի հետ մշակված նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Sputnik» ռադիոկայանի եթերում Զախարովան նշել է. «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք կողմերը (Հայաստանը և Ադրբեջանը - խմբ.) մշակել են Ռուսաստանի հետ միասին»։

Դիվանագետն անպարկեշտություն է անվանել Հարավային Կովկասում ներգրավվելու Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով. «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն է՛լ ավելի է ակտիվացել»։

Զախարովան հիշեցրել է՝ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հավաքական Արևմուտքի պատճառով և նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է»՝ հավելելով, որ այնտեղ, ուր ոտք է դրել հավաքական Արևմուտքը, իրավիճակն ավելի լավ չի դարձել:

Ավելացնել նոր մեկնաբանություն