«Իրանը բանակցություններ է վարում 50 երկրների մահաբեր զենք վաճառելու շուրջ՝ չնայած էմբարգոյին». Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Մյունխենի անվտանգության համաժողովի բացման ժամանակ ասել է. «Իրանն Արևելյան Եվրոպայի երկրներին, օրինակ՝ Բելառուսին, տրամադրում է անօդաչու սարքեր՝ 1000 կմ հեռահարությամբ, իսկ նախկինում դա անում էր նաև Հարավային Ամերիկայում՝ Վենեսուելայում»:
Նախօրեին պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ելույթ է ունեցել Մյունխենում անվտանգության համաժողովի բացմանը, որտեղ բացահայտել է մահաբեր զենքի արտահանման Իրանի ջանքերը՝ չնայած իր նկատմամբ սահմանված արգելքին։
Նախարար Գալանտը կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել Իրանի ջանքերի դեմ և աշխատել հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի վրա դրված արգելքին այլընտրանքային մեխանիզմ կազմակերպելու ուղղությամբ, որի ժամկետը լրանալու է այս տարվա վերջին։
«Իրանը ձգտում է Իսրայել պետության ոչնչացմանը: Եվ դա անում է ուղղակիորեն ու իր վստահված անձանց միջոցով՝ ահաբեկչական բանակների, որոնք գործում են Իսրայելի սահմանների մոտ: Իրանը սպառնում է Իսրայելին, ոչ միայն Իսրայելին, այլև Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի անվտանգությանն ու կայունությանը»,- նշել է իսրայելցի պաշտոնյան՝ հավելելով, որ Իրանի բացասական ազդեցությունը տարածվել է մայրցամաքներում և երկրներում. միայն անցած տարվա ընթացքում Իրանը դարձել է մահաբեր զենքի համաշխարհային արտահանող և բանակցություններ է վարում այն վաճառելու աշխարհի առնվազն 50 երկրի:
Ըստ Գալանտի՝ միջազգային հանրությունը պետք է միավորի իր ուժերը, հրատապ ու արագ քայլեր ձեռնարկի Իրանի գլխավորած զենքի գործարքները դադարեցնելու համար և ստեղծի զսպման ու պատժիչ արդյունավետ մեխանիզմ:
«Եթե Իրանն այդպես է վարվում, երբ չունի միջուկային հնարավորություն, ապա պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարդասպան Այաթոլլահի ռեժիմը պահպանում է միջուկային զինանոցը, սա սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի թույլ չտանք Իրանին միջուկային կարողություն ձեռք բերել»,- եզրափակել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն