Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին
Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։
Դրանցից մեկով նա խնդրել է, որ իր դեմ նախաձեռնված քրեական գործով հարցաքննեն մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ պաշտպանում է միջնորդությունը:
Այս միջնորդությունը թողնվել է առանց քննության։
Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել` նշելով, որ չի հասկանում, թե ինչու է «քրեական գործը քննվում» ռազմական դատարանում, երբ ինքը զինծառայող չէ: Այս միջնորդությունը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ` «մեղադրյալին մեղսագրվող որոշ արարքներ վերաբերում են ռազմական հանցագործություններին»։
Վարդանյանը նաև հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Եվս մեկ միջնորդությամբ նա խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։ Այս միջնորդությունը նույնպես թողնվել է առանց քննության, բայց նշվել է, որ պաշտպանական կողմը կարող է կրկին դիմել:
Այնուհետև ցուցմունք են տվել «տուժողներն» ու «տուժողների իրավահաջորդները»։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել է հնարավորություն ընձեռել պաշտպանյալի հետ փակ հանդիպման համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Հաջորդ «նիստը» նշանակվել է սեպտեմբերի 23-ին:
Ավելացնել նոր մեկնաբանություն