Նուբար

Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյան

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել CNN-ին՝ ընդգծելով, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում: Ստորև ներկայացվում է հարցազրույցի թարգմանությունը որոշ կրճատումներով.

CNN-ի մեկնաբան Պաուլա Նյուտոն: Հայաստանն ու Ադրբեջանն ասում են, որ հասել են խաղաղության համաձայնագրի, ինչը վերջ կդնի արդեն մոտ չորս տասնամյակ շարունակվող հակամարտությանը։ Հարևան երկրները երկար ժամանակ պայքարել են Լեռնային Ղարաբաղի համար, տարածաշրջանի, որը համարվում է Ադրբեջանի մաս, բայց տարիներ շարունակ գտնվել է հայերի վերահսկողության տակ: 2023 թվականին Ադրբեջանը հսկողություն հաստատեց անկլավի նկատմամբ, որից հետո Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներից Ռուբեն Վարդանյանը հայտնվեց բանտում, որտեղ մնում է առ այսօր։ Մենք կանդրադառնանք խաղաղության այս համաձայնագրին, բայց մեղադրանքները, ակնհայտորեն, լուրջ են: Պարոն Աֆեյան, Ձեր ընկեր Ռուբենը, ով զբաղեցնում էր երկրորդ ամենաբարձր պաշտոնը Ղարաբաղում, ձերբակալվել է, ինչպես նշեցինք, 2023 թվականի սեպտեմբերին: Նա փորձում էր անցնել Հայաստան: Ադրբեջանը նրա դեմ առաջադրել է ավելի քան 40 մեղադրանք: Նա իրականում կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել: Ի՞նչ գիտեք նրան առաջադրված մեղադրանքների մասին:

Նուբար Աֆեյան: Կարծում եմ՝ կարևոր է, որ  նախ ձեր ունկնդիրները հասկանան համատեքստը: Սա տեղի ունեցավ, երբ Ադրբեջանը հարձակվեց մի տարածքի վրա, որը դրանից առաջ 30 տարի հանրապետություն էր, բաղկացած էր ամբողջությամբ հայերից, որոնք ապրում էին այնտեղ՝ իրենց պատմական հողի վրա, որը հազարավոր տարիներ բնակեցված էր հայերով: Մեկ տարվա շրջափակումից հետո, նրանք հարձակվեցին և ըստ էության դուրս քշեցին 120,000 հայերի, ինչը բազմաթիվ մասնագետների կողմից համարվել է էթնիկ զտում։ Այդ հայերի թվում էր Ռուբեն Վարդանյանը՝ իմ մտերիմ ընկերն ու գործընկերը, որն այնտեղ իրականացնում էր մարդասիրական ծրագրեր: Նա, իսկապես, երեք ամսվա ընթացքում եղել է այդ հանրապետության պետնախարարը:

Մեղադրանքները, որոնք առաջադրվել են նրան մեկ տարվա ձգձգումներից և կալանքի ժամկետների երկարացումներից հետո, ըստ էության, ամեն ինչի մասին են: Փաստորեն, կա 42 մեղադրանք, որոնցից շատերը վերաբերում են մինչև Ղարաբաղ նրա մեկնելը՝ հասնելով 1980-ականների վերջ, երբ նա Մոսկվայում ուսանող էր: Այսպիսով, սա կեղծ դատավարության և նրան հնարավոր բոլոր մեղադրանքները ներկայացնելու փորձ է։ Նրա դեմ հարուցված քրեական գործը 25,000 էջ է, գրված է մի լեզվով, որը նա չի հասկանում, ընդ որում՝ առանց թարգմանության: Այսպիսով, ըստ էության, նրան առաջադել են մեղադրանքներ, որոնք նա չի հասկանում, բերել են ինչ-որ ապացույցներ, որոնք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից։

CNN-ի մեկնաբան Պաուլա Նյուտոն: Որպես բողոքի արտահայտում՝ նա հացադուլ էր հայտարարել: Ըստ հայկական լրատվամիջոցների, անցած շաբաթ նա դադարեցրեց փետրվարի 19-ին սկսած հացադուլը: Ի՞նչ գիտեք նրա վիճակի մասին: Կարողացե՞լ եք հաղորդակցվել նրա հետ: Կարողացե՞լ է որևէ մեկը այցելել նրան, ներառյալ նրա ընտանիքը:

Նուբար Աֆեյան: Նախ, այս անհիմն կալանքի ընթացքում նրան սահմանափակ չափով թույլ են տվել ունենալ հեռախոսային կարճ զանգեր։ Նրա վիճակի մասին ընտանիքը տեղեկանում է այդ ձևով։ Սա Ռուբենի երկրորդ հացադուլն էր։ Անցած տարի ապրիլին նա ևս 20 օր հացադուլի մեջ մնաց։ Այս վերջինի նպատակը կեղծ դատավարությանը մարդկանց ուշադրությունը հրավիրելն էր, քանի որ ի վերջո, եթե սա լիներ բաց դատական գործընթաց, նա կպաշտպաներ իրեն: Իրականությունն այն է, որ ֆիզիկական միակ այցելությունները եղել են Կարմիր Խաչի՝ ԿԽՄԿ-ի կողմից, որին Ադրբեջանը ըստ էության դուրս է հրավիրվել երկրից անցած շաբաթ: Այսպիսով, ԿԽՄԿ-ն դուրս է բերվում, ՄԱԿ-ի ԶԾ-ն ևս դուրս է հրավիրվել Ադրբեջանից, նույնը վերաբերում է նաև ՄԱԿ-ի ՓԳՀ-ին: Այսպիսով, ըստ էության, դուք ունեք փակ, ոչ թափանցիկ դատական գործընթաց:

Ինչ վերաբերում է վիճակին․ նա դիմանում է իր նկատմամբ վատ վերաբերմունքին, եղել են խոշտանգումների դեպքեր։ Սա շատ բարդ գործընթաց է և, ցավոք, այսօրինակ երկրներում սա սովորական երևույթ է։

CNN-ի մեկնաբան Պաուլա Նյուտոն: Ուզում եմ անդրադառնալ այս խաղաղության գործարքին, որը դեռ հեռու է վերջնական լինելուց, բայց Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների խոսքով երկու երկրները համաձայնել են խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կարող է վերջ տալ այս հակամարտությանը: Բայց այստեղ դեռ ակնհայտորեն կան լուրջ խոչընդոտներ: Պարզ չէ, թե այն երբևէ կստորագրվի, և ես ուզում եմ լսել նաև Ձեր կարծիքը, թե ինչպես կարող է սա անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի ճակատագրի վրա։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է։ «Միացյալ Նահանգները գովաբանում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եզրափակելու համար: Սա երկու երկրների համար տասնամյակներ տևող հակամարտությունը հաղթահարելու հնարավորություն է՝ ավելի խաղաղ աշխարհ ունենալու նախագահ Թրամփի տեսլականին համահունչ: Եկել է խաղաղությանը հանձնառու լինելու, պայմանագիրը ստորագրելու, վավերացնելու և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման դարաշրջան բացելու ժամանակը»:

Հավատո՞ւմ եք, որ մենք կտեսնենք այս տեսակի խաղաղության գործարքի վերջնականացումը, և ի՞նչ է դա նշանակելու գերիների ազատ արձակման համար: Լսե՞լ եք որևէ բան Թրամփի վարչակազմից այս մասին:

Նուբար Աֆեյան: Թրամփի վարչակազմը պաշտոնական  երկու հայտարարություն է արել. մեկը, հենց նախագահ Թրամփի գրառումն էր սոցմեդիայում անցած աշնանը, որը պահանջում էր ազատ արձակել հայ քրիստոնյա գերիներին, երկրորդը նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի երեկվա գրառումն էր, որն ըստ էության ուներ նույն բովանդակությունը: Նա հորդորեց ստորագրել խաղաղության համաձայնագիրը, բայց, ամենակարևորը՝ դրանից առաջ, կամ որպես դրա մաս, ազատ արձակել քրիստոնյա գերիներին: Ինչպես նշեցի, Ռուբենը քաղաքական 8 բանտարկյալներից և 23 բանտարկյալներից մեկն է, որոնց ապօրինի կալանքի տակ է պահում Ադրբեջանը:

Այսպիսով, Թրամփի վարչակազմից եղել են հստակ, շատ ուղիղ ուղերձներ, և ինձ ու շատերի համար պարզ է, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կնքնելուց առաջ կամ դրա շրջանակում չի ենթադրում բանտարկյալների ազատ արձակում, լիովին հակասում է Թրամփի վարչակազմի առաջ քաշած մարտահրավերների հաղթահարման տրամաբանությանը և Ադրբեջանի պաշտոնյաներին ուղղված շատ ուղիղ կոչերին։ Տեսեք, կա պարտադրված խաղաղության համաձայնագրերի երկար պատմություն, որոնք կնքվել են ռազմական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո։ Այդպիսի համաձայնագրերը ցավոք երկար կյանք չեն ունենում։

Որպես սփյուռքահայ, ով 25 տարի բազմաթիվ գործեր է արել՝ օգնելով Հայաստանին զարգանալ ու հասնել անվտանգության ու բարգավաճման ավելի բարձր մակարդակի, պետք է ասեմ, որ թեև ես շատ կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, բայց այն պետք է լինի իսկական խաղաղության համաձայնագիր: Հարցեր են բարձրացվում այն մասին, թե արդյո՞ք սա երբևէ կստորագրվի, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործում է այս պատերազմը կամ այս հակամարտությունը ներքին նպատակներով, ու այդ ընթացքում այնտեղ ճնշում է ազատ արտահայտման բազմաթիվ դրսևորումներ: Իրականությունն այն է, որ այս համաձայնագիրը կարող է չստորագրվել, և եթե ստորագրվի, եթե այն բացառի բանտարկյալների ազատ արձակումը, ես չեմ կարծում, որ համաձայնության արժեքը թղթից ավելին կլինի։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մակրոն
Մակրոնը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
Զելենսկի
Զելենսկին հայտարարել է մի քանի լրացուցիչ «F-16» ստանալու մասին
ԱԽ
ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա. Արմեն Գրիգորյան
Մանե
Այս իշխանությունը Բաքվում պահվող հայերի թեման մոռացության մատնելու հակում ունի. Մանե Թանդիլյան
Շոյգու
Ուկրաինայի Սահմանադրությունը խանգարում է խաղաղության հաստատմանը. Շոյգու
Հայկ
Փաշինյանը Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար. Մամիջանյան
Ռասմուսեն
Հայաստանի դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է համաձայնության գալու ժամանակը
ՄԱԿ
ՄԱԿ-ում Հայաստանը կունենա ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ
Գազա
Իսրայելը Գազայի հատվածում նոր գործողություն է սկսել․ BBC
Պուտին
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ուկրաինական կարգավորումը
Թուրք
Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ. Փաշինյան
Տիգրան
Փաշինյանը ակնարկում է՝ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակներում կգործի
Ալի
Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը»․ «Փաստ»
Արցախ
Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց
Նիկոլ
Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»
Աած
ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Գազա
ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում
Գեղամյան
Ստացվում է` թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում. Վարուժան Գեղամյան
Ուկրաինա
Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները մարտի 23-ին տեղի կունենան Սաուդյան Արաբիայում
ԳՇ
ԳՇ պետի տեղակալն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան սպաների հետ
Իշխան
Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը
Կոչ
Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևը հիշեցնում է, որ առանց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, հնարավոր չի լինելու տևական ու կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում
ԱԳՆ
Հայաստանն ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է. ԱԳՆ խոսնակը՝ Բաքվին
Արմեն
Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին
Հրադադար
Ուկրաինայում պետք է խաղաղություն հաստատվի․ BBC
Անիտա
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների մեղադրանքները
Տիգրան
Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու «խաղաղության» համաձայնագիրը, ասելու բան չունե՞ն
Գազա
Ավելի քան 170 երեխա է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով․ ՄԱԿ
Ալիև
Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ «Հրապարակ»
Սրբուհի
Նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգող. Գալյան