Էրդողանի ընտրած հաղթաթղթերն ընտրությունների նախաշեմին
Մայիսի 14-ին տեղի կունենան Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ Էրդողանը, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ազգայնական գործիչ Սինան Օղանը։
«Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ իրենից պահանջվում է, Աստծո կամոք, և երբեք կրեդիտներ չի տա այդ դատարկ կրակողներին (ընդդիմությանը)»,- իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը:
Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում օգտագործում է հետևյալ «հաղթաթղթերը».
- Արցախյան 44-օրյա պատերազմը
Օրերս Թուրքիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մի հայտարարությամբ, ինչն ակնհայտ է դարձնում այն փաստը, որ ընտրությունների ամենաթեժ փուլի նախօրեին փորձում են այսկերպ պահել իրենց հեղինակությունը։
«Այսօր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության 80 տոկոսը տեղական արտադրանք է։ Եթե մենք չհասնեինք այս մակարդակին, եթե Թուրքիան չարտադրեր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), եթե մենք ցույց չտայինք մեր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, հարձակողական զենքերը, ուղղաթիռները, Ադրբեջանի համար դժվար կլիներ ազատագրել (օկուպացնել - խմբ.) Արցախը»,- այս մասին Մևլութ Չավուշօղլուն ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Աֆյոնքարահիսար նահանգի ընտրական համակարգման կենտրոնի բացման արարողության ժամանակ իր ունեցած ելույթում։
Մինչ այդ Թուրքիան փորձում էր բացահայտ չխոսել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած մեծ աջակցության մասին, բայց ընտրությունների նախօրեին օգտագործում է այդ փաստը՝ փորձելով միավոր ավելացնել իր հեղինակությանը։
- Ռազմական ոլորտում հաջողությունները
Թուրքիան չի թաքցնում այն փաստը, որ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում անմիջականորեն մասնակցել է ռազմական ագրեսիաներին։ Այսինքն՝ Թուրքիան, այլ պետությունների տարածքներ ներխուժելով և հաջողությունների հասնելով, այդ ամենը որակում է որպես ռազմական ոլորտի դրական արդյունք։
Հանրապետական Թուրքիայի պաշտպանական համակարգի կայացման ու զարգացման գործում բավական մեծ է եղել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությունը: Հենց ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո այդ երկրի զինված ուժերը կազմավորվեց ամերիկյան օրինակով ու շարունակաբար սկսեց համալրվել արևմտյան ռազմական տեխնիկայով: Թուրքիայի ԶՈՒ-ի զարգացման գործում առանձնապես մեծ է եղել հատկապես ԱՄՆ-ի դերը: Իշխանության գալուց հետո ԱԶԿ-ի համար առաջնահերթ դարձավ բանակ-քաղաքականություն փոխհարաբերությունների վերաձևավորումը (Լևոն Հովսեփյան «Թուրքիայի պաշտպանական համակարգի արդիականացումը և անվտանգության ոլորտի բարեփոխումները»):
Թուրքիայում սոցհարցումներ
Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն որոշակի առավելություն ունի գործող նախագահ Էրդողանի նկատմամբ։ Սակայն իրադրությունը մնում է փոփոխական։
Սոցհարցումներ իրականացնող թուրքական «Gezici» հետազոտական ընկերությունը ներկայացրել է ապրիլի 1-2-ը 2.800 քաղաքացու շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները՝ կապված նախագահական ընտրությունների հետ։ Հարցման արդյունքները հետևյալն են. 56.2%-ը մտադիր է քվեարկել Քեմալ Քըլըչդարօղլուի, 42.1%-ը տոկոսը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։
Սրան զուգահեռ «Hürriyet» թերթը հրապարակել է «Optimar»-ի կողմից ապրիլի 1-7-ը 4745 քաղաքացու շրջանում անցկացված հարցման տվյալները: Այս հարցման արդյունքները հետևյալն են. 53.4%-ը կքվեարկի հօգուտ Էրդողանի, 42.1%-ը՝ Քըլըչդարօղլուի։
Փորձելով վստահություն ներշնչել իր ազգայնական ընտրազանգվածին՝ Էրդողանը քարոզարշավի ընթացքում շեշտը դնում է ռազմական ոլորտի հաջողությունների, տնտեսական հզորության մի շարք ծրագրերի վրա։
Այնուամենայնիվ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն ընտրություններից առաջ մեծ հարված էր Էրդողանի վարչակարգի համար։
Ըստ էության, թուրքական կառավարությունն այս պահի դրությամբ փորձում է առաջացած խնդիրների վերաբերյալ, մասնավորապես երկրաշարժի հետ կապված, ձևավորել օրակարգեր, ցույց տալ ընտրողներին, որ իրենք ի վիճակի են կատարելու փոփոխություններ (Նելլի Մինասյանի հետ հարցազրույցն այս թեմայով կարող եք կարդալ այստեղ։
Ադրբեջանը ևս, օգտվելով ստեղծված առիթից, օգտագործում է ընտրությունների փաստը՝ ցույց տալու, որ ինքը Թուրքիայի կողքին է։ Սոցհարցումների արդյունքում մեծամասնությունն Էրդողանի հաղթանակն է ցանկանում՝ հաշվի առնելով կառավարության կողմից ադրբեջանական մամուլի վերահսկողության փաստը։
Թուրքիայի ընտրական համակարգը
Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ անգամ, համամասնական ընտրակարգով։ Նախագահներն ընտրվում են ժողովրդի կողմից, հինգ տարի ժամկետով։
Պաշտոնապես 1945 թվականից Թուրքիան բազմակուսակցական ժողովրդավարական պետություն է, ընդ որում՝ առաջին ժողովրդավարական ընտրությունները, որոնք անցկացվել էին Թուրքիայում 1950 թվականի մայիսի 14-ին, հանգեցրին միակուսակցական համակարգի վերացմանը, որը հաստատվել էր 1923 թվականին։
Ի տարբերություն այս ընտրությունների՝ 2018 թվականին Թուրքիայի խոշոր ընդդիմադիր կուսակցությունները միասնական թեկնածու չէին առաջադրել և համաձայնել էին աջակցել այն թեկնածուին, որն Էրդողանի հետ միասին կանցներ երկրորդ փուլ։
Հեղինակ՝ Ասյա Գևորգյան
Add new comment