Ադրբեջանի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն. Հաջիզադե

Ադրբեջանի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն. Հաջիզադե

Հեղինակ
Հերմինե Մինասյան

Ադրբեջանի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությանը։

«Ապացուցելու համար, որ Հայաստանը լուրջ է վերաբերում խաղաղության գործընթացին, պետք է զերծ մնա հակասական հայտարարություններից և սադրիչ քայլերից, ինչպես նաև հարգի միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը»,- ասել է Հաջիզադեն՝ «անթույլատրելի» համարելով Երևանի մեղադրանքները, թե Բաքուն սրում է իրադրությունը։

Ադրբեջանցի պաշտոնյան կրկին հայաստանյան օրենքներն է հիշատակել` պնդելով, թե «Հայաստանի Սահմանադրությամբ, ինչպես նաև մի շարք օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ պահանջները և ռևանշիզմի փորձերի առկայությունը վկայում են Հայաստանի կողմից մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների մասշտաբները»։

Բաքուն հայտարարությունում համոզմունք է հայտնում, որ «երբ Հայաստանը զարգացնի ռազմական ներուժը, կասկած չկա, որ վերջինիս համար լրացուցիչ ռազմական հզորություն ձեռք բերելու ջանքերը պայմաններ կստեղծեն, որպեսզի նա դառնա լարվածության և սպառնալիքների նոր օջախ»։

«Այն, որ հայկական կողմը, որը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այժմ թեթևամիտ գաղափարներ է հնչեցնում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկողությունը և չհարձակման պայմանագիրը, քաղաքական շահարկում է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author