Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է խաղաղության պայմանագրին
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցերին և արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։
Նա նշել է, որ պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որում ներկայումս խոսվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։
Ըստ նրա՝ հայկական կողմը դուրս է թողել պայմանագրից մի շարք խնդրահարույց դրույթներ։
«Չնայած բազմաթիվ դրույթներ համաձայնեցված են՝ մոտ 80%-ը, որոշ դրույթներ դեռ համաձայնեցված չեն։ Սակայն դա չի նշանակում, որ պայմանագիրը պետք է ստորագրվի՝ նախագծից հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Սա չի կարելի ընդունելի համարել։ Որպեսզի պայմանագիրը կայուն և հաջողակ լինի, նախագծում պետք է հստակեցվեն երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով»,- նշել է Հաջիզադեն։
Նշենք, որ այսօր Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանը Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի տասներորդ խմբագրությունը, ինչը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։
Ավելացնել նոր մեկնաբանություն