Էրդողանը Ռիո դե Ժանեյրոյում մտադիր է առաջարկել Ուկրաինայում հակամարտության սառեցման իր ծրագիրը. Bloomberg
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիո դե Ժանեյրոյում G20-ի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ մտադիր է առաջարկել Ուկրաինայում հակամարտության սառեցման իր ծրագիրը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նա պատրաստվում է ներկայացնել հակամարտության սառեցման իր առաջարկը 20-րդ խմբի առաջնորդների՝ երկուշաբթի Ռիո դե Ժանեյրոյում հանդիպման ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Bloomberg-ի տվյալներով՝ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի քննարկումը հետաձգել առնվազն 10 տարով՝ որպես զիջում Ռուսաստանին։
Բացի դրանից, առաջարկը նախատեսում է Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծում։ Էրդողանը, ինչպես սպասվում է, կառաջարկի այնտեղ միջազգային զորքեր տեղակայել որպես լրացուցիչ երաշխիք և Ուկրաինային տրամադրել Արևմտյան ռազմական մատակարարումներ՝ որպես փոխհատուցում ՆԱՏՕ-ից դուրս մնալու համաձայնության համար:
Թուրք պաշտոնյաներն ընդունում են, որ Ուկրաինայի համար դժվար կլինի նման առաջարկ ընդունել, սակայն կարծում են՝ դա ամենաիրատեսական մոտեցումն է:
Bloomberg գործակալությունը հայտնում է նաև, որ Ուկրաինան առաջիկա ամիսներին կարող է ավելի շատ տարածքներ կորցնել: Նշվում է , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան հետախուզական տվյալներ է ստացել և հենց այդ պատճառով էլ հույս ունի համոզել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն:
Bloomberg-ը գրում է, որ Էրդողանը տեսել է հետախուզական տվյալներ, որոնց համաձայն առաջիկա ամիսներին Ուկրաինային տարածքային կորուստներ են սպառնում:
Ավելացնել նոր մեկնաբանություն