Նախագիծ

Գումարով ԶՈՒ-ից ազատվելու նախագծի քննարկումը չեղարկվեց

ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր այսպես ասած՝ գումարով զինծառայողներին բանակից ազատելու օրինագիծը, չեղարկվեց:

 Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ լրացուցիչ կհայտնեն նիստի օրվա ու ժամի մասին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ մի քիչ անհասկանալի է, որ նիստը սկսվելուց երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես, որ պաշտպանության նախարարն ԱԺ-ում է գտնվում:

«Մեզ համար խիստ անհասկանալի է, նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն: Նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա և տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհուպ մինչև ՄԻՊ-ը, տվել են իրենց բացասական եզրակացությունը:

Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերելու համար, ՀՀ զինված ուժերը բոլորինն են,  բոլորը պարտավոր են ծառայել ՀՀ ԶՈՒ-ում: Պետական մարմինները, եթե ասում են՝ կոռուպցիա կա,  պարտավոր են արմատախիլ անել այն, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասսայական և այլ տարբեր կատեգորիաներից»,- ընդգծեց պատգամավորը։

 Նախագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ նշեց, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս օրենքի նախագիծը, այլ կա մեծ սպասում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից, և ՀՀ տարածքում բնակվող մեր հայրենակիցներից շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների հետվերադարձ, բերելու է արտագաղթի կանխում։

«Ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգելու մասով, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը, կանխելու է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը և քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երևույթը, որը մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք, և այն խեղված վիճակը, որն առկա է զորակոչի համակարգում, շտկելու բացառիկ հնարավորություն ունենք, որը պետք է օր առաջ իրականացնենք։

Ես պետք է ասեմ, որ հետամուտ պետք է լինենք, պարոն Խաչատրյան, որպեսզի մինչև առաջիկա զորակոչի օրը, այսինքն, մինչև հուլիս, հուլիսի մեկը, կամ հուլիսի սկիզբ, օրենքն ընդունվի երկու ընթերցումներով և մտնի օրինական ուժի մեջ, իր հետ բերելով բոլոր այն դրական հանգամանքները, որոնք ես նշել եմ»,- ասաց Սարգսյանը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նախագիծ
Գումարով ԶՈՒ-ից ազատվելու նախագծի քննարկումը չեղարկվեց