Submitted by Անի Երյան on
Փալոնե

Կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատության, ՀՀ ինքնիշխանության և երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոնե

Ըստ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի պաշտոնական կայքում հաղորդագրության՝ Փալոնեն, որը Բաքվում մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին՝ COP-29-ին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին թե՛ համաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Նշվում է, որ կոնգրեսականը միայն ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ խուսափել է ֆիզիկապես վնասվելուց։

Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելել է Փալոնեին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած նրան, որ Փալոնեն հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից, նրան թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի ղեկավարի հետ:

«Ինձ լռեցնելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հանուն հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի ներքո։ Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակվելու, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար և տևական խաղաղության համաձայնագրի համար»,- հայտարարել է Փալոնեն:

Հաղորդագրությունում նշվում է, որ նա Ներկայացուցիչների պալատի մյուս անդամներին, որոնց թույլատրվել էր հանդիպել Ալիևի հետ, խնդրել է բարձրացնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հարցը:

«Ես հպարտացա, որ երկկուսակցական պատվիրակությունն Ալիևին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը, անկախ կուսակցական պատկանելությունից, չի ցանկանում այլևս հակամարտություն տարածաշրջանում, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,- նշել է Փալոնեն:

Ավելացնել նոր մեկնաբանություն