
Ադրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր
Ադրբեջանն արգելել է պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր:
Աս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորի «հակաադրբեջանական հայտարարությունների» և նրա դեմ ձեռնարկվելիք քայլերի մասին տեղական լրատվամիջոցների հարցին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի «վիրավորական հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ», միանգամայն անընդունելի են։
Նա հիշեցրել է, որ Վալուևից առաջ արգելվել էր ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովի մուտքը երկիր: Բաքուն պնդում է, որ նրանք դեմ են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Ինչ վերաբերում է Վալուևին, ապա նա, մեկնաբանելով Բաքվում «Ռուսական տուն»-ը փակելու Ադրբեջանի որոշումը, նշել էր, որ ՌԴ-ն ի պատասխան պետք է ուսումնասիրի իր տարածքում ադրբեջանական համայնքների ապօրինի գործունեությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն