ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախի ոստիկանների ավտոմեքենայի գնդակոծությունը
ՌԴ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն գործողությանն ու հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղում ՆԳՆ աշխատակիցների ավտոմեքենան։
«2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքյանլար (Խայփալու) բնակավայրի տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով զոհվել է մեքենայում գտնվող երեք մարդ, ևս մեկ աշխատակից վիրավորվել է։ Ադրբեջանական կողմից կորուստները եղել են՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,- ասված է ՌԴ ՊՆ տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիայի հետևանքով զոհվել է 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Գասպարյանը: Եվս մեկ զինծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում։ Նրան վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, և կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելացնել նոր մեկնաբանություն