ԱՄՆ-ն չի կարողանա կասեցնել Չինաստանի միջուկային ծրագիրը
«Պեկինը մտադիր է միջուկային ծրագիրն իրականացնել սեփական գաղափարի համաձայն, և Վաշինգտոնը «ազդեցության շատ քիչ լծակներ» ունի, որոնք կարող է օգտագործել դա կանխելու համար»,- ասել է Պենտագոնի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի կարող ոչինչ անել առաջիկա 10-20 տարում Չինաստանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար։
Միլին նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն ունեն «միջոցներ, որոնք սպառնում են ամերիկյան շահերին և կենսակերպին», և սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն «բախվում է երկու խոշոր միջուկային տերությունների հետ»:
Ամերիկացի պաշտոնյան նաև նախազգուշացրել է, որ Իրանը կարող է «երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում արտադրել բավարար քանակությամբ նյութեր միջուկային զենքի համար» և, ի վերջո, դրանից հետո մի քանի ամիսների ընթացքում ստեղծել միջուկային զենք:
Նրա խոսքով՝ համաշխարհային տերություններին մինչև դարի կեսերը «հավասար դառնալու» Պեկինի նպատակն իրագործելի է, և դա մտահոգիչ է։
«Մենք ոչ միայն պետք է հետ չմնանք, այլև առաջ անցնենք»,- հավելել է Միլին:
Ավելացնել նոր մեկնաբանություն