Submitted by H.Aslanyan on
Ռոբերտ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կnրծանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից։  Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներից մեկում՝ Foreign Policy-ում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև.

Արդյոք ժողովրդավարությունը կարո՞ղ է հաղթանակել Հայաստանում

Արևմուտքի անվերապահ աջակցությունը գործող վարչապետին կարող է հակառակ արդյունքը տալ։

Հեղինակ՝ Քենեթ Ռոթ (Փրինսթոնի հանրային և միջազգային հարաբերությունների դպրոցի հրավիրյալ պրոֆեսոր, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն)։

Անցյալ ամիս Հունգարիայում արձանագրված ժողովրդավարության հաղթանակից հետո, երբ ընտրողները պաշտոնանկ արեցին երկարամյա վարչապետ Վիկտոր Օրբանին, Հայաստանը, կարծես, դառնում է հաջորդ ռազմաբեմը ավտոկրատիայի (ինքնակալության) և ժողովրդավարության միջև ընթացող համաշխարհային պայքարում, թեև Երևանում այդ հակամարտության ուրվագծերը մի փոքր այլ տեսք ունեն։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին, ինչը լրջագույն քննություն կլինի՝ պարզելու համար, թե արդյոք հետխորհրդային այս պետության ներկայիս ղեկավարությունը թույլ կտա երկրին մնալ ժողովրդավարական ուղու վրա։

Հազիվ թե զարմանալի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պայքարում սխալ մոտեցում է որդեգրում։ Ազատ ու արդար ընտրություններ պահանջելու փոխարեն՝ նա անվերապահորեն աջակցում է գործող վարչապետին, որն ավելի ու ավելի է փորձում ընտրական պայմանները հարմարեցնել իր օգտին։

Սակայն խորապես հուսահատեցնող է այն, որ եվրոպական կառավարությունները հետևում են նրա օրինակին՝ ռուսական ազդեցության ջանքերին հակազդելու պատճառով հրաժարվելով ժողովրդավարական գործընթացների պաշտպանությունից։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ երկրում տեղի ունեցած, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ խոստանալով ժողովրդավարական վերածնունդ, և խորացրեց Հայաստանի կապերը Արևմուտքի հետ։ Այդուհանդերձ, այսօր նրա հեռանկարներն անորոշ են. փետրվարյան հարցումները կանխատեսում էին, որ Փաշինյանն ու իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանան ընտրողների ձայների 20-30 տոկոսը։ Հունիսյան ընտրություններին պայքարում են 17 կուսակցություններ և երկու ընտրական դաշինքներ։

Քանի որ, ըստ փետրվարյան հարցման, ընտրողների 30 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել, ընտրությունների արդյունքները կարող են անկանխատեսելի լինել։ Եթե արդյունքների հրապարակումից հետո՝ վեց օրվա ընթացքում, հավակնորդներից որևէ մեկին չհաջողվի ձևավորել «կայուն խորհրդարանական մեծամասնություն»՝ միայնակ կամ կոալիցիայի միջոցով, ապա կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ։ Այդ սցենարի դեպքում ընդդիմադիր կուսակցությունները կարող են միավորվել՝ Փաշինյանին հաղթելու համար։

Որպես ամենալուրջ մրցակից հանդես է գալիս միլիարդատեր Սամվել Կարապետյանի կողմից վերջերս հիմնադրված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Ըստ փետրվարյան հարցման՝ այն զգալի տարբերությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով «Քաղաքացիական պայմանագրին»։ «Ուժեղ Հայաստանը» դիտարկվում է որպես Կրեմլի նկատմամբ ավելի լոյալ ուժ, քան «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այդուհանդերձ, ընդդիմության շարքերում կան նաև արևմտամետ թեկնածուներ։

Ինչպես ինքս ականատես եղա մարտին Հայաստան կատարած այցիս ժամանակ, Փաշինյանը գործի է դնում բոլոր հնարավոր միջոցները՝ իր կուսակցության պարտությունը կանխելու համար՝ կիրառելով գործիքներ ավտոկրատիայի զինանոցից։ Նրա կառավարությունը ձերբակալել է ընդդիմության անդամների և կալանավորել քննադատաբար տրամադրված լրագրողների։ Վարչապետը նաև խարխլում է դատական համակարգի անկախությունը և աննախադեպ միջամտություններ անում Հայ առաքելական եկեղեցու գործերին։

Փաշինյանն արդեն իսկ գերիշխող դիրք ունի Հայաստանի պետական լրատվամիջոցների քաղաքական լուսաբանումներում և ավելի ու ավելի է օգտագործում վարչական ռեսուրսը՝ ընդդիմությանը հետապնդելու ու ճնշելու համար։ Քննադատներին լռեցնելու նպատակով վերակենդանացվում են այնպիսի անորոշ հանցակազմեր, ինչպիսին է «խուլիգանությունը», որը խորհրդային շրջանի դասական իրավախախտում է։ Իշխող կուսակցությանն աջակցություն հայտնելու համար ներգրավվել են պետական հիմնարկների աշխատակիցներ, ուսուցիչներ և նույնիսկ աշակերտներ։

Այս ընտրություններն ունեն աշխարհաքաղաքական նախապատմություն։ 2023 թվականին Ադրբեջանը կայծակնային հարձակում ձեռնարկեց վիճելի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղում՝ խախտելով 2020 թվականի հրադադարի ռեժիմը։ Այս անկլավը 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր հիմնականում վերահսկվում էր տեղի հայ բնակչության կողմից։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջնորդությամբ 2023 թվականին կնքվեց նոր հրադադար, որն ակնհայտորեն ձեռնտու էր Ադրբեջանին, 120,000 հայեր բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներից։

Իր կառավարման օրոք կորցնելով Լեռնային Ղարաբաղը՝ Փաշինյանը ձգտում է օր առաջ փակել այս թեման։ Նա սկսեց թիրախավորել Հայ առաքելական եկեղեցուն այն բանի համար, որ վերջինս ստանձնել է տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը. եկեղեցին նաև պահանջում է Ադրբեջանում պահվող առնվազն 19 հայերի ազատ արձակումը։ Փաշինյանի դիրքորոշումը, որը քողարկվում է խաղաղության հասնելու պատրվակով, ամենայն հավանականությամբ թելադրված է Հայաստանի թույլ ռազմական դիրքերով, սակայն այն հանգեցրել է ընդդիմադիր ալիքի բարձրացման, ինչն էլ կարող է կանխորոշել ընտրությունների ընթացքը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Կարապետյանը գործարար է և բարերար։ Անցյալ տարի նա ձերբակալվեց այն շինծու պատրվակով, թե ազգային եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումների վերաբերյալ նրա հրապարակային քննադատությունը պետական հեղաշրջման սպառնալիք է պարունակում։ Հենց կալանքի տակ գտնվելու ընթացքում էլ Կարապետյանը հիմնադրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Կարելի էր ակնկալել, որ եթե ոչ Թրամփը, ապա գոնե Եվրոպական միությունը կդատապարտեր Փաշինյանի կողմից ընտրական գործընթացների մանիպուլյացիաները՝ որպես ժողովրդավարական սկզբունքների խախտում։ Այդպես եղավ Հունգարիայում, որտեղ ընդդիմադիր թեկնածու Պետեր Մադյարը հաղթանակ տարավ՝ չնայած ավտոկրատ Օրբանին Թրամփի ցուցաբերած ակտիվ աջակցությանը։ Այդ դեպքում ԵՄ-ի կողմից ժողովրդավարության պաշտպանությունը՝ միլիարդավոր եվրոների սուբսիդիաների տրամադրումը օրենքի գերակայության հարգմամբ պայմանավորելը, էական դեր խաղաց։

Այդուհանդերձ, Փաշինյանը հասկացել է, թե ինչպես չեզոքացնի եվրոպական ցանկացած դժգոհություն՝ կապված ընդդիմադիր ձայների լռեցման հետ. նա պնդում է, թե պայքարում է ռուսական ազդեցության դեմ, և եվրոպական առաջնորդները հավատում են դրան։

Ուկրաինայում եվրոպական կառավարությունները ոչ միայն պայքարում են ռուսական ագրեսիայի դեմ, այլև պաշտպանում են ուկրաինական ժողովրդավարությունը։ Մինչդեռ Հայաստանում նրանց, թվում է, հետաքրքրում է միայն Ռուսաստանին հակազդելը։ Հայաստանն այն հետխորհրդային պետություններից էր, որը սերտ հարաբերություններ էր պահպանում Մոսկվայի հետ։ Այդ կապերը սկսեցին խարխլվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի պատերազմով տարված Կրեմլը դադարեց պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը դեռ ցանկանում է Հայաստանին տեսնել իր ճամբարում։

Ռուսաստանն այս ընտրություններում ունի պոտենցիալ դաշնակիցներ։ «Ուժեղ Հայաստանը» ձգտում է ամրապնդել կապերը Կրեմլի հետ՝ մատնանշելով Ռուսաստանի մեծ դերը Հայաստանի տնտեսության մեջ և երկու երկրների ավանդական ռազմական հարաբերությունները։ «Հայաստան» դաշինքը՝ ընդդիմադիր մեկ այլ ուժ, որը ձևավորվել է Հայաստանի նախկին վարչապետ և նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, նույնպես ձգտում է Մոսկվայի հետ ավելի սերտ կապերի։ Երկու ուժերն էլ քննադատում են Փաշինյանին՝ Լեռնային Ղարաբաղը բախտի քմահաճույքին թողնելու համար։

Սակայն այն ժամանակ, երբ արևմտյան կառավարությունները սևեռված են ռուսական սպառնալիքի վրա, նրանք գրեթե ուշադրություն չեն դարձնում Հայաստանի ժողովրդավարության դեմ Փաշինյանի սեփական հարձակումներին։ Փոխանակ չեզոք դիրքերից հանդես գալու՝ ընտրությունների ընթացքում ռուսական ապատեղեկատվությունը կանխելու կամ Մոսկվայի այլ հնարքները խոչընդոտելու համար, այս կառավարությունները, կարծես, հալած յուղի տեղ են ընդունել Փաշինյանի այն թեզը, թե ինքը արևմտամետ թեկնածու է։ Նրանք պահանջում են ոչ թե ազատ ու արդար ընտրություններ, այլ ընտրությունների որոշակի՝ իրենց ձեռնտու արդյունք։

Թրամփն ամենից բացահայտն է գործել Փաշինյանին իր աջակցության հարցում։ Նա փետրվարին Հայաստան ուղարկեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խթանելու Վաշինգտոնի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Խաղաղության այն համաձայնագիրը, որի մշակմանն անցյալ օգոստոսին օգնեց Թրամփը և որը դեռևս կյանքի չի կոչվել, հակասական է, քանի որ Ադրբեջանին անարգել առևտրային հասանելիություն կապահովի Հայաստանի տարածքով (շողոքորթական անվանում ստացած «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղու» շրջանակներում)։ Հայաստանում այս զիջումը լայնորեն ընկալվում է որպես Ադրբեջանի ռազմական արկածախնդրության խրախուսում։ Վենսն իր այցն օգտագործեց՝ ուղղակիորեն պաշտպանելով Փաշինյանի վերընտրվելու թեկնածությունը։

Եվրոպական կառավարությունները հազիվ թե ավելի նրբանկատ են գտնվել։ Եվրոպական քաղաքական համայնքը՝ 47 պետություններից բաղկացած միավորումը, որը ձևավորվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, մայիսի 4-ին հանդիպում անցկացրեց Հայաստանում։ Գագաթնաժողովի պաշտոնական նպատակն էր պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը և երկիրը մոտեցնել ԵՄ-ին։ Այդուհանդերձ, ընդդիմության առաջնորդները ընտրությունների նախաշեմին այս գագաթնաժողովի անցկացումը դիտարկեցին որպես Փաշինյանին աջակցելուն հավասարազոր քայլ։ Մակրոնն էլ ավելի ընդգծեց այս ուղերձը՝ Փաշինյանին բնորոշելով՝ «շատ տպավորիչ»։

Եվրոպական միությունը նաև հատուկ առաքելություն է գործուղում Հայաստան հունիսյան քվեարկությունից առաջ՝ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար. տերմին, որը հաճախ օգտագործվում է ռուսական ազդեցության գործողությունները նկարագրելու համար։ Միևնույն ժամանակ, կառույցը ոչ մի համապատասխան ջանք չի գործադրում ժողովրդավարության դեմ Փաշինյանի հարձակումներին հակազդելու ուղղությամբ։ Մայիսի 5-ին Հայաստանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական միությունն ընդգծեց երկրում ժողովրդավարության կարևորությունը, սակայն ոչ մի խոսք չասաց Փաշինյանի կողմից բխող սպառնալիքների մասին։

Եվրոպական կառավարությունները պետք է որ ավելի խոհեմ գտնվեին և Փաշինյանի արևմտամետ հռետորաբանությունը չնույնականացնեին ժողովրդավարության հանդեպ հարգանքի հետ։ Այդուհանդերձ, նրանք, կարծես, պատրաստակամ են շարունակել երկիրը մղել դեպի արևմտամետ ուղղություն՝ առանց լուրջ ուշադրություն դարձնելու այն բանին, թե ինչպես է դրա ղեկավարը խարխլում հենց այն արժեքները, որոնք պետք է որ պաշտպաներ Արևմուտքը։

Դա ցինիկ և կարճատես մոտեցում է։ Նպատակը չի արդարացնում միջոցները, երբ դրանք ակնհայտորեն հակասում են միմյանց։ Եթե ժողովրդավարությանը Արևմուտքի հավատարմությունը դիտարկվի որպես սոսկ հռետորաբանություն, որից հեշտությամբ հրաժարվում են հանուն աշխարհաքաղաքական հաշվարկների, դա ամբողջ աշխարհի առաջնորդներին կխրախուսի գտնել սեփական արդարացումները՝ ժողովրդավարությունից հրաժարվելու համար։

Հայաստանին սպառնում է ընտրված ավտոկրատի լուծը կրելու վտանգը։ Հունգարիայում ժողովրդավարության վերականգնմանը եվրոպական ճնշման օգնելուց կարճ ժամանակ անց՝ եվրոպական կառավարությունները չպետք է բախտի քմահաճույքին թողնեն ժողովրդավարությունը Հայաստանում՝ չնայած Թրամփի անտարբերությանը․,-գրել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԻՀՊԿ
Իրանի դեմ նոր ագրեսիայի դեպքում հակամարտությունը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից
Զախարովա
Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»
Կիրանց
Կիրանց գյուղի բնակիչներին արգելվում Է մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող որոշ հողատարածքներ՝ «միջադեպերից խուսափելու համար»
Իրան
ԱՄՆ-ն Իրանի հետ կապ ունեցող 89 առևտրային նավ է կալանել ծովային շրջափակումն սկսելուց ի վեր
Ռոբերտ
Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կnրծանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ
Հետք
Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. Հետք
Եմ
ՌԴ-ն չի խանգարելու գործող իշխանության վերարտադրությանը․ Սուրեն Սարգսյան
Վահե
Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է. Վահե Հովհաննիսյան
Հորմուզ
ՆԱՏՕ-ում քննարկում են Հորմուզի նեղուցում «առաքելություն իրականացնելու» հնարավորությունը
ԵՄ
ԵՄ-ում ցանկանում են հակառուսական պատժամիջոցները երկարացնել տարին մեկ անգամ. Politico
Թրամփ
Թրամփը խոսել է Իրանին կրկին հարվածելու մասին
Վենս
Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը. Վենս
Իսրայել
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելը շուրջ 1 հազար քառ. կմ է զբաղեցրել Մերձավոր Արևելքում․ FT
Խամենեի
ԱՄՆ-ի կողմից պատերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Խամենեի
Թաթոյան
Մեր ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի. Արման Թաթոյան
Դրոշ
Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին
Իրան
ԱՄՆ-ի ռազմական բյուջեի «անտեսանելի» ծախսերը. Իրանի դեմ գործողությունների իրական գինը
Պն
Ռուսական բանակը սկսել է միջուկային զորավարժություններ
Դեսպան
Հայ-թուրքական սահմանը կբացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո․ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան
Մխիթար
Առաջին անգամ ՀՀ-ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել
Հռոմ
Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների մասին
Տրապիզոն
Թուրքիայի Տրապիզոն քաղաքը և Շուշին կդառնան քույր քաղաքներ
Ալիև
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելների կառուցման մասին
Թուրքիա
2025-ին Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 30 մլրդ դոլար
Նեթանյահու
Նեթանյահուն 24 ժամվա ընթացքում անվտանգության կաբինետի երկրորդ նիստն է անցկացրել
Թրամփ
Թրամփը «հետաձգել է Իրանի վրա հարձակումը», որը պիտի տեղի ունենար վաղը
մանդատ
2018-ի թավիշից դեպի 2021-ի կոշտ քարոզչություն. «ապագա կա»-ից մինչև մուրճ ու «պողպատե մանդատ»
Բաղայի
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան զարգացման ցանկացած սցենարի. Էսմայիլ Բաղայի
Ադրբեջան
Ադրբեջանը 4 ամսում մոտ 10 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
Կիմ
Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանը պետք է դառնա անառիկ ամրոց. Կիմ Չեն Ըն