
Ռուսաստանում դպրոցն ավարտածներին կներգրավեն պայմանագրով զինվորական ծառայության
ՌԴ Պետդուման միանգամից երեք ընթերցմամբ որոշման փոփոխություն է ընդունել, ինչը թույլ է տալիս 18 տարեկաններին պայմանագրով զինվորական ծառայության ներգրավել միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։
Նախկինում, ըստ օրենքի, մինչ այդ պետք էր ավարտել տեխնիկումը, բուհը կամ առնվազն առաջին երեք ամիսը զորակոչով ծառայել:
Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են ներգրավել մինչև 400 հազար մարդու՝ պայմանագրային ծառայության համար։
«Խնդիրը դրված է, և այժմ օրենքից հանվում են զինծառայության պայմանագրերի կնքման խոչընդոտները»,- «BBC»-ին ասել է «Քաղաքացի» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Սերգեյ Կրիվենկոն։
Փոփոխությունը Դաշնության խորհրդի կողմից հաստատվելուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո դպրոցի շրջանավարտները կարող են ռազմաճակատ գործուղվել ծառայության մեկնարկից 4 ամիս հետո։ Նախագահի հրամանագրի համաձայն՝ նրանք այլևս չեն կարողանա խզել պայմանագիրը մինչև Ուկրաինայի հետ պատերազմի ավարտը։
Փորձագետներն այս օրինագծերի ընդունումը կապում են համընդհանուր մոբիլիզացիայի Կրեմլի ծրագրերի հետ: Գործընթացը մոբիլիզացիա չի կոչվի, սակայն զորակոչի և պայմանագրային ծառայության սահմանափակումները հանելով՝ Կրեմլը կկարողանա համալրել բանակի շարքերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն