Սուդանում շարունակվում են բախումները՝ չնայած հայտարարված հրադադարի ռեժիմին

Սուդանում շարունակվում են բախումները՝ չնայած հայտարարված հրադադարի ռեժիմին

 Սուդանի մայրաքաղաք Խարթումում շարունակվում են բախումները՝ չնայած ապրիլի 19-ի երեկոյան հայտարարված հրադադարի ռեժիմին: Բախումների վեց օրվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Այս մասին հաղորդում է «Al Jazeera»-ն։

Ապրիլի 19-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց արդեն մի քանի րոպե անց քաղաքում լսվել են մարտերի վերսկսման ձայներ։ Խարթումում լսելի էր ծանր հրետանու աշխատանքը։ Քաղաքում մարտերը շարունակվում են նաև այսօր, Խարթումի երկինքը պատվել է ծխով։

Ապրիլի 19-ին Սուդանի զինված ուժերի և «Արագ աջակցության ուժերի» միջև 24-ժամյա հրադադար հաստատելու փորձը երկրորդն էր վերջին վեց օրվա ընթացքում։ Հրադադարի առաջին փորձը ևս տապալվել էր:

Ըստ «Al Jazeera»-ի՝ Խարթումի և դրա շրջակա նահանգների հիվանդանոցների գրեթե 70%-ը չի աշխատում:

Իրավիճակը Սուդանում բարդացել է ապրիլի 15-ին, երբ երկրի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում բանակի ու «Արագ աջակցության ուժերի» միջև բախումներ են սկսվել ծանր զինատեսակների կիրառմամբ։ «Արագ աջակցության ուժերի» հրամանատարության հայտարարություններում ասվում է, որ ներկայիս իրադրությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, շրջափակման մեջ են վերցրել իրենց բազաներից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է այն բանով, որ «Արագ աջակցության ուժերը» վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։

Ավելացնել նոր մեկնաբանություն